Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետատունը պատրաստվում է փոփոխություններ կատարել մի շարք վայրերում դիմակի պարտադիր կրման պահանջում: Այս մասին խորհրդարանի հատուկ նիստի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը:
«Հանվելու է անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, սակայն պահպանվելու է հանրային տրանսպորտում և տաքսիներում դիմակ կրելու կանոնը: Վերանայվելու է բացօթյա որոշ հանրային տարածքներում՝ բնության գրկում, անտառում դիմակ կրելու կանոնը»,- ասաց Ավինյանը:
Պարետը նշեց, որ վերանայվելու է նաև հանրային սննդի ոլորտում յուրաքանչյուր սեղանի մոտ թույլատրվող անձանց քանակը:
Խորհրդարանն օգոստոսի 12-ին հրավիրված հատուկ նիստում քննարկում է Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը:
Կառավարությունն օգոստոսի 12-ի արտահերթ նիստում որոշում է ընդունել՝ երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի օգոստոսի 12-ից ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: