ՀՀ ոստիկանությունը բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացնում է մրցույթ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
«ՀՀ վարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի թիվ 903-Ա որոշմամբ ստեղծվել է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ, որի նպատակն է ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի լիարժեք և արդյունավետ իրագործման, ինչպես նաև իրավապահ, դատական և այլ ոլորտների զարգացման ծրագրերի հետ փոխգործելիության ապահովումը: Համակարգող խորհրդի անհատական կազմում մրցութային կարգով ընդգրկվում են նաև արդարադատության, իրավապահ համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և իրավապահ համակարգի կադրերի վերապատրաստման ոլորտներում գործունեություն ծավալող երեք հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող, վերը նշված ոլորտներում գործունեություն ծավալող այն հասարակական կազմակերպությունները, որոնք վերջին հինգ տարվա ընթացքում ունեն տվյալ ոլորտի առնվազն երեք տարվա գործունեության փորձ և այդ ժամանակահատվածում տվյալ ոլորտում իրականացրել են առնվազն երկու ծրագիր»,-ասված է հաղորդագրության մեջ:
Մրցույթի մասնակցության հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը կարող են առձեռն հանձնվել Ոստիկանության վարչական շենքում, ք.Երևան Նալբանդյան 130 հասցեով աշխատանքային օրերին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, ուղարկվել փոստով կամ ներկայացվել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և տեսաներածված:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ընթացիկ տարվա օգոստոսի 22-ն է: