448 դիտում, 2020.08.11 19:44

Երևանի Օղակաձև զբոսայգում ուղղվել և ներկայացվել է սխալ տեղադրված վիշապաքարը

Երևանի Օղակաձև զբոսայգում ուղղվել և ներկայացվել է սխալ տեղադրված վիշապաքարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ Երևանի օղակաձև այգում ամփոփեց պատկերագրված հոդվածով գլխիվայր տեղադրված 5 վիշապաքարի դիրքն ուղղելու աշխատանքները։

Վիշապաքարերի դիրքի ուղղման աշխատանքները սկսվել են դեռևս հուլիսին։

Աշխատանքների ամփոփման ժամանակ ներկայացվեց այգում ուղղահայաց տեղադրված վիշապաքարը։ Ներկա էին ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը, ԳԱԱ ՀԱԻ տնօրեն, պ․գ․թ․ Արսեն Բոբոխյանը։

«Համաշխարհային մշակույթի մեջ վիշապաքարերը բացառիկ երևույթ են, իսկ Հայաստանի տարածքում վերջին տարիներին փաստագրվել է մոտ 100 վիշապաքար, որոնցից 18-ը տեղաշարժվել են բուն բնակավայրից և հայտնվել ՀՀ տարբեր վայրերում»,- ասաց Խաչատուրյանը։

Նրա խոսքով՝ նշված 18 վիշապաքարից 5-ը ոչ միայն տեղաշարժվել էին, այլ նաև սխալ դիրքով տեղադրվել. դրանցից մեկը գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում։

«Դրանցից մեկն, օրինակ, գլխի վրա մխրճված է եղել բետոնի մեջ, մյուսը՝ հորիզոնական դիրքով պառկեցված։ Հիմա մեր խնդիրն էր այդ հինգ վիշապները բերել իրենց իրական դիրքին՝ թեև դրանք իրենց բնօրրանում չեն գտնվում։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր առաջին քայլն էր։ Մենք բետոնից ազատեցինք և ճիշտ դիրքով դրեցինք այդ վիշապաքարերը։ Բարերարների աջակցությամբ կարողացանք գլուխ բերել այս գործը»,- նշեց փոխնախարարը։

Բոբոխյանն էլ տեղեկացրեց՝ վիշապաքարերը հուշարձաններ են, որոնք իրենց բնույթով նման են խաչքարերի։ Նրա խոսքով՝ դրանք բացառիկ հուշարձաններ են համաշխարհային ժառանգության տեսանկյունից։

«Վիշապաքարերը կառուցվել են Ք.ա․ 3-րդ և 2-րդ հազարամյակներում, և բացառիկ արժեք են ներկայացնում։ Վերջին 10 տարում վիշապաքարերը ինտենսիվ հետազոտվում են՝ թեև այդ հետազոտությունները սկսվել են դեռ 100 տարի առաջ: Այս քարը գալիս է Գեղամա լեռներից, հայերը կոչել են վիշապներ, եզդիները կոչել են աժդահա յուրդ։ Սակայն կա նաև սախուրակ անունը, որը և մենք ցանկանում ենք վերականգնել»,- ասաց Բոբոխյանը։

Նա ընդգծեց, որ վիշապաքարը հայտնաբերվել է 1909 թվականին և տեղափոխվել Երևան 1970-ին։

«Ըստ էության, տեղափոխողները փորձել են նախնական լանդշաֆտը վերականգնել։ Դա եղել է Գեղամա լճի մոտ, ինչը վիշապաքարերի համար կարևոր նշանակություն ունի։ Տեղափոխելն ի սկզբանե սխալ է եղել, բայց գոնե այդ ձևով հնարավոր է եղել փրկել վիշապաքարերը»,- ասաց ԳԱԱ ՀԱԻ տնօրենը։

Նրա խոսքով՝ կա տեսակետ, որ խաչքարերը հենց վիշապաքարերի հիման վրա են ստեղծվել: Նման  տեսակետ է հայտնել հետազոտող Նիկողայոս Մառը՝ վիշապաքարերը հայտնաբերողը։