կարևոր
2483 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-11 19:12

Տավուշի մարզպետն ու ՏԿԵ փոխնախարարը ծանոթացել են հրետակոծված տների վերականգնման աշխատանքներին

Տավուշի մարզպետն ու ՏԿԵ փոխնախարարը ծանոթացել են հրետակոծված տների վերականգնման աշխատանքներին

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը ծանոթացել են սահմանամերձ բնակավայրերում ադրբեջանական հրետակոծությունից տուժած տների վերականգնման աշխատանքներին: Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի էջից:

Սահմանապահ Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի հրետակոծված տներից մի մասի վերանորոգումն արդեն ավարտական փուլում է: Այգեպար գյուղի ճանապարհների վերանորոգման աշխատանքները ևս ընթանում են արագ տեմպերով:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանն այսօր շրջել են Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին և որակին:

Մարզպետը ևս մեկ անգամ շեշտել է, որ թշնամու հրետակոծությունից վնասված բոլոր տները վերանորոգվելու են:

Օգոստոսի 6-ին ՀՀ կառավարությունը շուրջ 278 մլն դրամ է հատկացրել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին հասցված վնասների վերացման, ինչպես նաև հանրային դպրոցների անվտանգության բարձրացման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար։ Ավելի վաղ նույն նպատակի համար գործադիրը ևս 25 մլն դրամ էր հատկացրել:

Հուլիսի 12-20-ը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված լարվածության ընթացքում հակառակորդը թիրախավորել էր նաև Տավուշի սահմանամերձ գյուղերի քաղաքացիական շինությունները, վնասվել են մի շարք տներ: