622 դիտում, 2020.08.11 18:32

«Դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի՝ հասնելով իր բոլոր շահառուներին

«Դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի՝ հասնելով իր բոլոր շահառուներին

ՄԱԿ-ի Պարենի hամաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի՝ ընդգրկելով բոլոր այն երեխաներին, որոնք մինչ այս հանդիսացել են «Դպրոցական սնունդ» ծրագրի շահառուներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և Հայաստանում պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը համատեղ նամակ էին ստորագրել, որի համաձայն՝ 8000-ական դրամ միանվագ աջակցություն կստանան 2020 թ.-ի հունիս ամսվա ընտանեկան նպաստի վճարման ցուցակներում ընդգրկված ընտանիքների այն երեխաները, որոնք ընդգրկված են եղել «Դպրոցական սնունդ» ծրագրի մեջ։  Ծրագրի շահառուների ցանկում են այն երեխաները, որոնք ծնվել են 2011 թ.-ի հունիսի 1-ից մինչև 2014 թ.-ի հունիսի 30-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում:

Դրամական օգնությունը կվճարվի 2020 թ.-ի հուլիս ամսվա ընտանեկան նպաստի վճարման ցուցակներով և սահմանված կարգով:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 233 մլն դրամ: Համավարակի տարածմամբ պայմանավորված՝ «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որը նախատեսված էր հիմնական դպրոցների շուրջ 29,300 աշակերտների համար, իրականացվում է  «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագրի տեսքով՝ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում: