584 դիտում, 2020.08.11 16:09

Ռուսաստանի պատվաստանյութը մինչեւ երկու տարի կապահովի պաշտպանությունը կորոնավիրուսից

Ռուսաստանի պատվաստանյութը մինչեւ երկու տարի կապահովի պաշտպանությունը կորոնավիրուսից

Կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի պատվաստանյութը թույլ է տալիս ձեւավորել երկարատեւ իմունիտետ, որը, հավանաբար, կտեւի մինչեւ երկու տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, ասվում է առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Պատվաստանյութի ներմուծման կրկնակի սխեման թույլ է տալիս երկարատեւ իմունիտետ ձեւավորել: Վեկտորային պատվաստանյութերի կիրառման փորձը (կրկնակի սխեմայի ներմուծման դեպքում) ցույց է տալիս, որ իմունիտետը պահպանվում է մինչեւ երկու տարի»:-Դրանում նշվում է, որ օգոստոսի 11-ին գրանցված պատրաստուկը՝ Գամ-ԿՈՎԻԴ-ՎԱԿ-ը, վեկտորային երկբաղադրիչ պատվաստանյութ է՝ մարդու ադենովիրուսի հիման վրա:

«Պատվաստանյութն անվտանգության եւ արդյունավետության բոլոր անհրաժեշտ փորձարկումներն անցել է կենդանիների մի քանի տեսակների (կրծողների եւ պրիմատների) վրա, ավելի ուշ պատվաստանյութը փորձարկվել է կամավորների երկու խմբի (յուրաքանչյուրը՝ 38-ական մարդ) վրա: Պատվաստանյութը չի պարունակում COVID-19-ի վիրուսի բաղադրիչներ»,-պարզաբանվում է հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 11-ին ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ աշխարհում առաջին գրանցման մասին: «Որքան ինձ հայտնի է, այսօր առավոտյան աշխարհում առաջին անգամ գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ»,- ասել է նախագահը: Պատրաստուկն արտադրվելու է Գամալեյայի անվան կենտրոնի եւ Զելենոգորոդի «Բիննոֆարմ» ընկերության կողմից։