330 դիտում, 2020.08.11 15:05

ՏԿԵ նախարարությունը նախատեսում է հիմնանորոգել դեպի Խնձորեսկի կամուրջ տանող ճանապարհը

ՏԿԵ նախարարությունը նախատեսում է հիմնանորոգել դեպի Խնձորեսկի կամուրջ տանող ճանապարհը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է հիմնանորոգել Խնձորեսկի կամուրջ տանող ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը՝ ի պատասխան Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրության:

«Խնձորեսկի կամուրջ տանող ճանապարհի հիմնանորոգումն արդեն իսկ ընդգրկված էր տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրում: «Դեպի Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնման ծրագիրը» այս պահին գտնվում է Համաշխարհային բանկի կողմից հաստատման փուլում, առաջիկա երկու ամիսներին մրցույթ կհայտարարվի և կիրականացվի ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: Նախատեսվում է նորոգել 3,2 կմ երկարությամբ ճանապահ, որն իր մեջ ներառում է նաև ճոճվող կամուրջ տանող ճանապարհը»,- գրել է Մուրադյանը:

Անդրադառնալով Մարուքյանի մեկ այլ առաջարկին՝ Մուրադյանը նշել է, որ Հայոց այբուբենի հուշարձանից Ամբերդ տանող ճանապարհը նույնպես հիմնանորոգվելու է, ներառված է 2022թ. ծրագրում:

Մամուլի խոսնակը հավելել է, որ Հանրապետությունում այժմ վերակենդանանում են ավելի քան 40 տարի չհիմնանորոգված ճանապարհներ: Հայաստանի բոլոր ճանապարհները մշտադիտարկվում են թե՛ նախարարի, թե՛ նախարարության ոլորտային պատասխանատուների կողմից և առաջին իսկ հնարավորության դեպքում, ըստ առաջնահերթության, ընդգրկվում վերանորոգման ծրագրերում: