կարևոր
1384 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-11 09:56

Վանաձորի քիմկոմբինատում առկա ամոնիակը շատ քիչ է, վտանգավոր չէ շրջակա միջավայրի համար.Տեսչական մարմին

Վանաձորի քիմկոմբինատում առկա ամոնիակը շատ քիչ է, վտանգավոր չէ շրջակա միջավայրի համար.Տեսչական մարմին

Վանաձորի քիմիական կոմբինատի տարածքում առկա պայթյունավտանգ և թունավոր նյութերը վտանգավոր չեն շրջակա միջավայրի համար, քանի որ դրանց ծավալը շատ փոքր է: Այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը նշելով, որ իրենց տեսչությունը նման եզրակացության է եկել կոմբինատի տարածքում իրականացրած ուսումնասիրությունից հետո:

Մամուլում հրապարակումներ էին շրջանառվում, որ արդեն 4 տարի շարունակ սնանկության գործընթացում գտնվող և չշահագործվող կոմբինատի տարածքում պահվում է շուրջ 90 տոննա ամոնիակ և ամոնիակաջուր, ինչը վտանգավոր է շրջակա միջավայրի և բնակիչների համար:

«90 տոննա ամոնիակի հետ կապված որևէ տեղեկատվություն չկա: Ամեն դեպքում, այնտեղ առկա ամոնիակի ծավալները բավական քիչ են և շրջակա միջավայրին և բնակչությանը բացարձակ վտանգ չեն սպառնում: Իմ ունեցած տվյալներով` ամոնիակի մեծ մասը վաճառվել է, բայց ներկա պահին չորս տակառից 3-ը դատարկ են, իսկ մեկի մեջ ջերմային սարքով ամոնիակ է հայտնաբերվել տակառի 1/6-րդ մասով, սակայն իրականում ավելի քիչ է: Մոտ 9 տոննայի չափով ամոնիակ կա»,- ասել է Շախբազյանը:

Տեսչական մարմնի տնօրենը հայտնել է, որ ամոնիակը սելիտրա նյութի նման ազոտ է պարունակում, բայց ավելի անվտանգ է, պատկանում է իներտ գազերի դասին և շուտ գոլորշիանում է, իսկ կոմբինատում առկա ծավալներն այն քանակության չեն, որ խոշոր հրդեհի կամ պայթյունի պատճառ դառնան:

«Կարող է տեղային հրդեհի օջախ լինել, բայց այն շուտ կկասեցվի, որովհետև ծավալները շատ քիչ են»,- նշել է Գեղամ Շախբազյանը:

Անդրադառնալով կոմբինատի տարածքում առկա ամոնիակի հետագա ճակատագրին, Շախբազյանը հավելել է, որ այն տնօրինելու է սնանկության կառավարիչը, հնարավոր է, որ ամոնիակը վաճառվի կամ քիչ քանակությամբ բաց թողնվի հատուկ ընթացակարգով:

Տեսչական մարմնի ղեկավարի խոսքով` հաստատվել է նաև կոմբինատում սնդիկի առկայությունը, սակայն դրանք ևս անվտանգ են:

«Սնդիկի քանակություն կա: Դրանք փակված են տարրաներում, ավելի ապահով են: Դրանց մասին մտահոգություն հայտնել ընդհանրապես պետք չէ»,- ասել է Շախբազյանը:

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը չգործող կոմբինատի տարածքում տեխնիկական և հրդեհային անվտանգության այլ խախտումներ է արձանագրել, որոնց առնչությամբ վարչական վարույթ է հարուցել:

«Քանի որ չորս տարի է արդեն, ինչ լուծարված է հիմնարկը, հրդեհային անվտանգության տեսակետից գտնվում է ոչ բարվոք վիճակում: Հրդեհային անվտանգության խախտումներ կան, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, վարույթի շրջանակներում կտրվեն պարտադիր կատարման ցուցումներ, որպեսզի տնտեսավարողը, այս դեպքում` սնանկության կառավարիչը ցուցումների համաձայն իրականացնի հակահրդեհային միջոցառումներ: Մասնավորապես, ջրամատակարարում չկա, ցուցում կտանք, որպեսզի ջրամատակարարումը վերականգնեն, որպեսզի հրդեհային իրավիճակում հնարավոր լինի արագ մարել այն, բացակայում են արգելող ցուցանակները: Քանի որ ամոնիակը կառավարության կողմից սահմանված ցանկով վտանգավոր նյութ է համարվում, պետք է տարեկան տեխնիկական ավտանգության փորձաքննություն անցկացվեր, որը չի արվել»,- նշել է տեսչական մարմնի ղեկավարը:

Տեսչական մարմինն առաջիկայում ուսումնասիրություններ կիրականցնի նաև Նաիրիտ գործարանում, ինչպես նաև հեղուկ վառելիքի, պայթուցիկ նյութերի մեծ բազաներում, ապա նաև հրավառությամբ զբաղվով ընկերությունների պահեստներում: