կարևոր
3126 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-10 19:58

Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ է գումարել

Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ է գումարել

Արցախի Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Արթուր Հարությունյանի նախագահությամբ օգոստոսի 10-ին հրավիրել է նիստ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Օրակարգում ներառված՝ «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և  «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը:

Խոսելով «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին՝ նախարարը նշել է, որ  այն առաջացել է ԱՀ նախագահի 2020-2025թթ-ի գործունեության ծրագրերի որոշ դրույթների՝ 2020թ-ից իրականացման անհրաժեշտությամբ:

Նախարարը ներկայացրել է ըստ ոլորտների առաջարկվող փոփոխությունները, որոնց հանրագումարում 2020թ-ի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 126 մլրդ 49 մլն 309,2 հազ դրամ, ծախսերը՝ 135 մլրդ 650 մլն 717,7 հազ դրամ, դեֆիցիտը կկազմի պակասուրդի 9 մլրդ 601 մլն 318,5 հազ դրամը, ինչը, վերջինիս փոխանցմամբ, նախատեսվում է լրացնել փոխառու միջոցներից:

Ֆինանսների նախարարը նաև անդրադարձել է օրենքի նախագծի վերաբերյալ  «Միասնական հայրենիք»,  Արցախի «Արդարություն» և  «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունների առաջարկներին  և տվել պարզաբանումներ:

ԱԺ պատգամավորները նախարարին են առաջադրել առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ հարցեր: Նախագծի շուրջ պարզաբանումներ է տվել նաև Քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագիծը արտահերթ նստաշրջանում քննարկելու վերաբերյալ:

Այնուհետև գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը  հանձնաժողովին է ներկայացրել «Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման  հատուկ ընթացակարգի մասին առաջարկություն տալու մասին հարցը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 85-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հանձնաժողովը որոշում է Ազգային ժողովին տալ առաջարկություն.

  1. Առաջին ընթերցմամբ ընդունված «ԱՀ 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի  երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:
  2. Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ:

Հանձնաժողովն ընդունել է որոշումը:

Հաջորդիվ՝ ֆինանսների նախարար  Վահրամ Բաղդասարյանը ներկայացրել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագծը:, Նախարարի խոսքով՝ նախագծի մշակման անհրաժեշտությունը ծագել է կառավարության կառուցվածքում կատարված փոփոխությամբ:

«Այս օրենքով սահմանված պաշտոնատար անձանց ցանկում նախատեսվում է ավելացնել նոր ստեղծված կառույցների ղեկավարների, մասնավորապես՝ Պետական վերահսկողական ծառայության պետի, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի, Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի, Բնապահպանութան կոմիտեի նախագահի, դրանց առաջին տեղակալների և տեղակալների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները»,- նշել է Վահրամ Բաղդասարյանը:

Հանձանաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել օրինագծին:

Նիստին մասնակցել են նաև Առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը, Գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, Կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը: