394 դիտում, 2020.08.10 18:10

Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության ահաբեկչական լինելը. պատմաբան

Սևրի պայմանագրով Թուրքիան ընդունել է երիտթուրքական կառավարության ահաբեկչական լինելը. պատմաբան

Սևրի հաշտության պայմանագրով` Թուրքիայի կառավարությունն անձամբ է ընդունել երիտթուրքական իշխանության ահաբեկչական լինելը: Այս մասին պայմանագրի 100-ամյակին նվիրված գիտաժողովի ընթացքում ասել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Արմեն Մարուքյանը:

«Պայմանագրի 142-րդ հոդվածի հենց առաջին նախադասությամբ, այդ թվում նաև թուրքական պետությունը համարել է, որ 1914թ. նոյեմբերի 1-ից, այսինքն` Օսմանյան կայսրության` պատերազմի մեջ մտնելուց սկսած այդ երկրում հաստատված իշխանությունն ահաբեկչական է: Սա քաղաքական գնահատական էր երիտթուրքերի վարչակարգին: Սրա տակ ստորագրել է նաև թուրքական պետությունը»,- ասել է Մարուքյանը:

Պատմաբանը նշել է, որ ահաբեկչական այդ վարչակազմը կատարել է բռնի մահմեդականացման գործողություններ, որից հետո պայմանագրով ազատ իրավունք է տրվել բռնի ճանապարհով իսլամ ընդունած նախկին քրիստոնյաներին` վերադառնալ իրենց կրոնին:

Առաջին աշխարհամարտի ավարտից 2 տարի անց Թուրքիայի սուլթանական կառավարության և պատերազմում հաղթած պետությունների՝ այդ թվում Հայաստանի միջև 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում կնքվեց հաշտության պայմանագիր, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության տարածքը պետք է կազմեր 160 հազար քկմ: Այն մինչ օրս շարունակում է մնալ ուժի մեջ: