կարևոր
590 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-10 10:19

Պակիստանում ավելի քան 60 մարդ է զոհվել անձրեւների եւ հեղեղումների հետեւանքով

Պակիստանում ավելի քան 60 մարդ է զոհվել անձրեւների եւ հեղեղումների հետեւանքով

Պակիստանում վերջին երեք օրն առնվազն 64 մարդ Է դարձել մուսոնային անձրեւների եւ հեղեղումների զոհ: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, օգոստոսի 10-ին այդ մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը: Պակիստանի Տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի ազգային վարչության տվյալներով՝ ամենից շատ թվով զոհվածները Խայբեր Փախթունխվայի հյուսիս-արեւմտյան նահանգում են: Գետերի վարարումը ոչնչացրել է հարյուրավոր բնակելի տներ, քանդել կամուրջներ եւ էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերի հենարաններ:

Սինդի հարավային նահանգում ջրանցքներից մեկի ամբարտակի ճեղքումը հանգեցրել է մարդկային զոհերի եւ մի քանի գյուղերի ջրածածկման: Դրանց բնակիչների տարահանմանը ներգրավել են բանակային ստորաբաժանումներ եւ ուղղաթիռներ: Աղետի գոտում բացել են շարժական հոսպիտալ, որտեղ օգնություն է ցույց տրվում տուժածներին: Անձրեւները կազմալուծել են բնականոն կյանքը Պակիստանի խոշորագույն քաղաքներ Կարաչիում եւ Լահորում: Մեգապոլիսների փողոցները ծածկված են ջրով, հորդացումը լրջորեն դժվարացրել է տրանսպորտի եւ քաղաքային ծառայությունների աշխատանքը։