306 դիտում, 2020.08.09 22:35

Համերգներ, բանախոսություններ. «ՕՊՈՒՍ» միջազգային երաժշտական փառատոնը հագեցած ծրագիր է խոստանում

Համերգներ, բանախոսություններ. «ՕՊՈՒՍ» միջազգային երաժշտական փառատոնը հագեցած ծրագիր է խոստանում

«ՕՊՈՒՍ» միջազգային երաժշտական փառատոնի 5-րդ համերգաշրջանն իրականացվելու է առցանց ձևաչափով: Նախագիծը կանցկացվի 2020 թվականի օգոստոս և սեպտեմբեր ամիսներին: Այն ներառում է ծավալուն մշակութային ծրագիր՝ համերգներ, տեսագրություններ, բանախոսություններ և հարցազրույցներ հայ և օտարազգի արվեստագետների մասնակցությամբ:

Փառատոնի հատուկ հյուրն է Մյունխենի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Կլեմենս Շուլդտի ղեկավարությամբ: Նվագախմբի համերգը և փառատոնի մի շարք այլ միջոցառումներ նվիրված են Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյա հոբելյանին: Իր որդեգրած սկզբունքին համաձայն, «ՕՊՈՒՍ» փառատոնն առցանց տիրույթում ևս ներկայացնում է միջառարկայական մշակութային ծրագիր:

Փառատոնային հեռարձակումների շարքում, երաժշտությունից բացի, ընդգրկված են նաև արվեստի այլ ճյուղեր ներկայացնող թողարկումներ, ինչպես օրինակ՝ տեսարվեստ և փերֆորմանս, մեծ տեղ է հատկացվել նաև քանդակագործությանը և երաժշտությանը: Մասնավորապես, Դիլիջանի Բեթհովենի անվան համերգասրահի տարածքից հեռարձակվող հատուկ թողարկման ընթացքում ելույթ կունենա նկարչուհի Արև Պետրոսյանը՝ ներկայացնելով իր հոր՝ նշանավոր քանդակագործ Բենիկ Պետրոսյանի Դիլիջանում գտնվող ստեղծագործությունները: Քանդակագործության թեմայով մեկ այլ հաղորդում նվիրված է երևանաբնակ արվեստագետ Մանվել Մաթևոսյանի «Նոտաներից այն կողմ» աշխատանքին, որը նույնպես ոգեշնչված է Բեթհովենի երաժշտությամբ և ստեղծված հատուկ «ՕՊՈՒՍ 5» նախագծի համար: Վերոհիշյալ մասնակիցներից բացի փառատոնում ներգրավված են մի շարք նշանակալի երաժշտախմբեր և արվեստագետներ Հայաստանից և արտերկրից. Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Կոմիտասի անվան ազգային քառյակը, թավջութակահար Միքայել Հախնազարյանը և դաշնակահար Մամիկոն Նահապետովը, կոմպոզիտոր Դմիտրի Մազուրովը և ժամանակակից երաժշտության GAM անսամբլը, դիրիժոր Նվարդ Անդրեասյանը, վիզուալ արտիստ Վոլֆգանգ Ալեքսանդր Թիլերը, երաժշտական պրոդյուսեր, Riverside Studio-ի հիմնադիր Ռալֆ Քեմփերը և այլոք:

Նախագիծը կեզրափակվի Jazz weekend շարքով, որի ընթացքում ելույթ կունենան Gregory Privat Trio և Yottagon ջազային խմբերը: Հեռարձակումները կարելի է դիտել  օգոստոսի 10-ից սեպտեմբերի 27-ը, ամենշաբաթյա պարբերականությամբ, «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի պաշտոնական կայքում` www.artconcept.am՝ ինչպես նաև հետևելով կազմակերպության էջերին սոցիալական ցանցերում:

Փառատոնն իրականացնում է «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: