764 դիտում, 2020.08.09 12:40

Ջավախքի Կուլիկամ գյուղում հանգիստ է, ձերբակալվածների մասին դեռ տեղեկություն չկա. Սերգե Շիրինյան

Ջավախքի Կուլիկամ գյուղում հանգիստ է, ձերբակալվածների մասին դեռ տեղեկություն չկա. Սերգե Շիրինյան

Ջավախքի Կուլիկամ գյուղում, որի 27-ամյա բնակիչն այսօր սպանվել էր Ախալքալակ քաղաքում, հանգիստ է: NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետ Սերգե Շիրինյանն ասել է, որ այս պահին գյուղում ոստիկաններ չկան, վիճակը հանգիստ է:

«Երեկոյան է դեպքը եղել, վիճաբանություն ու ծեծկռտուք է եղել, հնչել է կրակոց ու մեր գյուղից 27-ամյա երիտասարդ է մահացել, եւս մեկ հոգի ծանր վիրավոր է, հիվանդանոցում է»,-ասել է նա:

Գյուղապետի խոսքով` ոստիկանությունը կողմերին կոչ է արել հանդարտվել եւ այլեւս չշարունակել հարձակումները, դեռ տեղեկություններ չկան ձերբակալվածների մասին:

Մահացած 27-ամյա երիտասարդը  մի քանի ամիս էր, ինչ ամուսնացել էր, երեխաներ չունի:

Լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ Ախալքալակ քաղաքում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մեծ թվով ոստիկաններ հսկում են փողոցներում` կանխելու մահացածի հարազատների նոր հնարավոր հարձակումները:

Հիշեցնենք, որ հայաբնակ Ախալքալաքում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով մեկ մարդ մահացել է, եւս մեկը տեղափոխվել է հիվանդանոց: Այնուհետեւ մահացած հարազատները հյուրանոց եւ 4 տուն են հրդեհել:

Ախալքալաքի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ա. Թորոյանի խոսքերով՝ իրենց մոտ է տեղափոխվել մի վիրավոր, եւս մեկ մարդ տեղում մահացել է: Հիվանդանոցի մոտ մի քանի մեքենա են ջարդել։