370 դիտում, 2020.08.09 12:28

Դատարանը մերժել է Ռոբերտ Նազարյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը մերժել է Ռոբերտ Նազարյանին կալանավորելու միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտակ Թադևոսյանի,մերժել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին կալանավորելու վերաբերյալ։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասել է Նազարյանի պաշտպաններից Գագիկ Խաչիկյանը։ Վերջինս նաև հայտնել է, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Նազարյանին ձերբակալումը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ այսինքն՝ պաշտոնեական լիազորությունները շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով չարաշահելը,  որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Նազարյանը  օգոստոսի 6-ին ձերբակալվել է, որի դեմ նրա պաշտպանները բողոք են ներկայացրել։ Օգոստոսի 7-ին Հատուկ քննչական ծառայությունը դատարան է  ներկայացրել Նազարյանին կալանավորելու միջնորդություն։ Ձերբակալման դեմ բողոքն ու կալանքի միջնորդությունը քննվել է միասին՝ դատավոր Արտակ Թադևոսյանի վարույթում։

Հատուկ քննչական ծառայությունը օգոստոսի 6-ին հաղորդագրություն է տարածել քրեական գործի մասին՝ հայտնելով, որ Ռոբերտ  Նազարյանը, 2011 թվականի սեպտեմբերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում կայացած նիստերի ընթացքում ՀՀ-ում հիդրոէներգետիկայի զարգացումը խրախուսելու պատրվակով սակագնային արտոնություններ է սահմանել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության համար։ Մասնավորապես՝ բնական ջրահոսքերի, ոռոգման համակարգերի և խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների համար մինչ այդ սահմանված 10 Մվտ տեղակայված հզորության փոխարեն առավելագույն հզորություն է սահմանել մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությունը։ Նազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։