714 դիտում, 2020.08.08 21:44

Լիբանանից անհապաղ Հայաստան գալու համար ցուցակագրվել է 40 մարդ

Լիբանանից անհապաղ Հայաստան գալու համար ցուցակագրվել է 40 մարդ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտնում է, որ Լիբանանում ՀՀ դեսպանատանը կան ցուցակարգրված լիբանանահայեր, ովքեր Հայաստան գալու և Հայաստանում բնակվելու ցանկություն ունեն։ Զարեհ Սինանյանն այս մասին ասել է «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում։

Սինանյանն ընդգծել է, որ դեսպանատանը ցուցակարգված մարդկանց բաժանել են մի քանի կատեգորիաների։ Առաջին կատեգորիայում այն մարդիկ են, որ բացահայտորեն ուզում  են գալ Հայաստան  և չեն կարող իրենց հնարավորություններով գալ։ Բնականաբար, մենք նախատեսում ենք, որ նույնիսկ այս ինքնաթիռով մարդիկ կարող է գան Հայաստան»,- ասել է Սինանյանը՝ մանրամասնելով, որ որքան հնարավոր է շուտ ՀՀ վերադառնալու ցանկություն հայտնած և դեսպանատանը ցուցակարգված լիբանանահայերի թիվը 40 է։

Նրա խոսքով՝ ցուցակարգվածների մյուս կատեգորիաներն ավելի մեծաթիվ են։ «Սա այն մարդիկ են, ովքեր ցանկանում են գալ Հայաստան, բայց չեն կարող  հիմա գալ, որովհետև ուզում են իրենց անշարժ գույքի հարցը լուծել, ուզում են այս ավերածությունների հետո պարզել, թե ինչ վիճակում են իրենք գտնվում»,- մանրամասնել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։

Զարեհ Սինանյանը հավելել է, որ  Լիբանանում հայկական պատվիրակությունը  հանդիպումներ կունենա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի, առաջնորդարանների, կուսակցությունների ներկայացուցիչների, կրոնական խմբերի, հասրակական կազմակերպությունների հետ։ «Մենք հատուկ ուզում ենք անհատների հետ հանդիպել, այցելել հայաշատ թաղամաս,  ոչ միայն ավերածությունը տեսնելու համար, այլ տեղում ծանոթանալու մեր հայրենակիցների տրամադրություններին, հասկանալու, թե ինչով են ապրում, ինչ խնդիրներով են ապրում, ինչ ցանկություն ունեն, որքանով է հայրենադարձության գաղափարը իրենց մոտ ամրապնդված և լուրջ, որովհետև, հիմնվելով այդ ամենի վրա, ինչ տեսնենք, կազմելու ենք մեր հետագա քայլերը»,- ասել է նա։

Նա նաև հայտնել է, որ Լիբանան մեկնող ՀՀ պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար  Սառա Անջագոլյանը,  փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը։