508 դիտում, 2020.08.08 19:29

Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին․ «Մեդիա պաշտպան»

Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին․ «Մեդիա պաշտպան»

Հանրային հեռուստաընկերության օգոստոսի 7-ի լուրերի գլխավոր թողարկմանն անդրադարձ չկար Ամուլսարի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին հայտնում են «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունից:

«Երեկ ակտիվիստների ցույցերի 4-րդ օրն էր, ողջ օրը հանրության ուշադրության կենտրոնում Ամուլսարն էր, լրագրողները ժամեր են սպասել ցուցարարների հետ, որպեսզի ժամանեն «Լիդիան Արմենիայի» ներկայացուցիչները, վագոն-տնակները տարածքից հեռացվել են, ցուցարարներին միացել էին ջերմուկցիները, Ջերմուկի քաղաքապետը հայտարարել էր, որ «Լիդիան Արմենիան» սխալվել է վագոն-տնակների տեղադրման հարցում։ Բոլոր լրատվամիջոցները երեկ անդրադարձել են թեմային, բացի Հանրային հեռուստաընկերությունից»,-գրում է «Մեդիա պաշտպանը»։

Նախաձեռնությունը հիշեցնում է, որ վարչապետի մամուլի խոսնակին հարց էր ուղղվել, թե ինչու վարչապետը չի հանդիպում ցուցարարներին, նա պատասխանել էր, որ վարչապետը  հետևում է Ամուլսարի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։

«Ինչ վերաբերում է լուրերին հաջորդող Պետրոս Ղազարյանի հարցազրույցին, 3 օր անընդմեջ Բեյրութի թեման էր։ Երկու օր ուղիղ միացմամբ Պետրոս Ղազրյանն անդրադարձավ Բեյրութում տեղի ունեցող իրադարձություններին։ Երեկ հյուրընկալել էր Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին, մինչդեռ լուրերի ընթացքում ներկայացվող ռեպորտաժում արդեն նշվեց, որ նա մեկնելու է Բեյրութ տեղում ծանոթանալու իրավիճակին։ Ամուլսարի թեման, թերևս, ավելի առանցքային նշանակություն ուներ և Հանրայինը պարտավոր էր ներկայացներ այն թե’ լուրերի թողարկումներում, թե’ Պետրոս Ղազարյանի հարցազրույցի հաղորդման ֆորմատով»,-գրել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը եւ կոչ արել հանրային միջոցներով ֆինանսավորվող հեռուստաընկերությանը լիարժեք ներկայացնել հանրային հնչեղություն ունեցող իրադարձությունները, առաջնորդվել ոչ թե քաղաքական, այլ հանրային շահով։