կարևոր
1843 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-07 22:17

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն օգոստոսի 7-ին խորհրդարանում հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի և նրա ղեկավարած՝ «Միասնական հայրենիք» կուսակցության խորհրդարանական անդամների հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել Անվտանգության խորհրդի կողմից կատարվող աշխատանքներին:

Արթուր Թովմասյանն իր խոսքում բարձր է գնահատել Անվտանգության խորհրդի կողմից իրականացվող աշխատանքները, կարևորել «Միասնական հայրենիք» կուսակցության խորհրդարանական գործունեությունը՝ նշելով, որ փոխգործակցության, համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կդառնա տալ բազմաթիվ օրակարգային խնդիրների լուծում: Այդ համատեքստում Աժ նախագահը կարևորել է նաև «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի և «Միասնական հայրենիք» կուսակցության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը՝  նշելով, որ դրանում ներառված ծրագրերի իրականացումը հանրային  պահանջ է:

«Արցախում չկա մի քաղաքական ուժ, որ կկարողանա իր վրա վերցնել երկրի առջև ծառացած խնդիրների ողջ   պատասխանատվությունը, ուստի պետք է գործել միասնական ուժերով»,- ընդգծել  է   Արթուր Թովմասյանը:

Սամվել Բաբայանն իր հերթին կարևորել է խորհրդարանի հետ համատեղ աշխատանքների իրականացումը՝ շեշտելով, որ երկրում իրականացվող ցանկացած ծրագիր պետք է գործի օրենքի շրջանակներում, բխի ժողովրդի շահերից և ունենա բնակչության կենսամակարդակի զգալի բարձրացման միտում:

Կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն՝ հետագայում ևս շարունակելու սերտ համագործակցությունը: