380 դիտում, 2020.08.07 19:30

ՀՀ ներկայացուցիչները Բեյրութում կգնահատեն կարիքները. հնարավոր է աջակցություն շենքերի վերականգնմանը

ՀՀ ներկայացուցիչները Բեյրութում կգնահատեն կարիքները. հնարավոր է աջակցություն շենքերի վերականգնմանը

Հայաստանի կառավարությունը պատրաստ է ստանձնել Բեյրութում ավերված մի քանի շինությունների վերականգնումը։ Այս մասին «Բեյրութ աղետ. ինչպե՞ս աջակցել հայ համայնքին» թեմայով առցանց քննարկման ժամանակ ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ 

Նա «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի, ԱԺ պատգամավոր, Հայաստան-Լիբանան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Հրաչյա Հակոբյանի հետ օգոստոսի 7-ին կմեկնի Բեյրութ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով: Օգոստոսի 8-ին Լիբանան կուղարկվի նաև առաջին հումանիտար ինքնաթիռը՝ 12 տոննա մարդասիրական բեռով։

«Սա մարդասիրական 3 թռիչքից առաջինն է լինելու: Բնական է, որ Հայաստանի կառավարությունը պայթյունից հետո ձեռք մեկնեց Բեյրութին, տեղի ժողովրդին: Հայաստանն օգնություն կուղարկի Լիբանանի կառավարության ներկայացրած ցուցակի հիման վրա: Հայաստանի կառավարությունը պատրաստ է ստանձնել ավերված որոշ շինությունների վերականգնումը, պարզապես պետք է տեղում տեսնենք այդ ամենը և իրատեսորեն որոշենք, թե ինչը կարող ենք մեզ վրա վերցնել»,- նշեց Սինանյանը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի խոսքով` Հայաստանը ձեռք է մեկնում ոչ միայն հայկական համայնքին, այլև Լիբանանի ողջ ժողովրդին, որի մեջ մտնում է նաև հայ համայնքը:

Սինանյանը պատրաստվում է նաև քննարկել լիբանանահայերի հայրենադարձության հարցը։ 

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 154-ը, վնասվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհերի շարքում 13 հայ կա։