կարևոր
1372 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-07 14:54

Տեղի է ունեցել Փաստահավաք հանձնաժողովի մասին օրենքի նախագծի հանրային առցանց քննարկում

Տեղի է ունեցել Փաստահավաք հանձնաժողովի մասին օրենքի նախագծի հանրային առցանց քննարկում

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը հեռավար աշխատանքային քննարկում է ունեցել «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանրային քննարկումը կազմակերպվել էր ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից, որին մասնակցում էին պատգամավորներ ԱԺ բոլոր խմբակցություններից, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ և օրենքի նախագծի շրջանակում շահառու հանդիսացող քաղաքացիներ:

Փոխնախարար Գրիգորյանն իր խոսքում, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ներկայացրել է աշխատանքային քննարկման օրակարգը՝ միաժամանակ նշելով, որ հանրային քննարկման ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ արդեն իսկ ստացվել են մի շարք առաջարկներ, որոնք ամփոփվում են և այս հանդիպումը ևս միտված է նախագծի հետագա բարեփոխմանը:

Այնուհետև, ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը և Հիմնադրամի փորձագետները ներկայացրել են Նախագծով նախատեսված Փաստահավաք հանձնաժողովի ձևավորման կարգը և Հանձնաժողովի գործունեության լիազորությունների շրջանակը, որին էլ հաջորդել է հանդիպման մասնակիցների կողմից նախագծի վերաբերյալ դիտարկումների և առաջարկների ներկայացումն ու քննարկումը:

Ամփոփելով՝ փոխնախարար Գրիգորյանը նշել է, որ այս նախագծի շուրջ քննարկումները կլինեն շարունակական: