400 դիտում, 2020.08.06 22:47

Ամուլսարում բողոքի ակցիան ավարտվեց. մասնակիցները վաղը կրկին կհավաքվեն

Ամուլսարում բողոքի ակցիան ավարտվեց. մասնակիցները վաղը կրկին կհավաքվեն

Ամուլսարում չնայած այսօր եւս բողոքի ակցիան այսօր ավարտվեց, սակայն մասնակիցները վաղը կրկին կհավաքվեն Ամուլսարում։  Մինչ այդ  Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը դիմելով նրանց հայտարարեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը սխալվել է վագոն-տնակի տեղադրման հարցում։

«Ես պարզ բառերով ասացի, որ գործընթաց է գնում, մենք այսօր նամակ ենք գրել Լիդիանին, իրենք սխալվել են վագոն-տնակների տեղադրման կետով, վաղը կգան համապատասխան մասնագետները, ձեր ներկայությամբ ցույց կտան՝ որտեղ պետք է դրանք տեղադրվեն, և իրենց միջոցներով տնակները կտեղափոխվեն համապատասխան վայր։ Կոնկրետ ժամ չնշեմ, բայց ասում եմ, որ գործընթացը կսկսվի վաղն առավոտվանից»,-նշեց Հովհաննիսյանը։ 

Նշենք, որ արդեն երրորդ օրն է՝ Ամուլսարում բողոքի ակցիան չի դադարում, ցուցարարները կրկին փակել էին Ջերմուկ քաղաք տանող ճանապարհը։ Նրանք երեք պահանջ են ներկայացնում. առաջինը՝ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայության վագոն-տնակները 30 մետր հեռացնել տարածքից, ընկերության պահնորդական խմբի դուրս հանումը Ամուլսարի տարածքից եւ Կառավարության կողմից հստակ որոշում՝ Ամուլսարի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել  ու փոխարենը դրել է իրենցը:

Նշենք, որ նախորդ 2 օրերին Ամուլսարում իրավիճակը լարված է եղել, ակցիայի ընթացքում բերման ենթարկվածներ են եղել, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի են ունեցել բախումներ։ Ակցիայի մասնակիցները փորձել են տեղաշարժել «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի կողմից Ամուլսարի իրենց վարձակալած տարածքում տեղադրված վագոն-տնակները։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 20-ին հարուցվել էր քրեական գործ` Ամուլսարի հանքավայրի շահագործման հետեւանքով բնությանը հասցվող վնասի վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու փաստի առթիվ։

Կառավարության հրավերով հանքի տարածքում միջազգային բնապահպանական փորձաքննություն է իրականացվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանքը չի շահագործվի, քանի դեռ փորձաքննությունը դրական եզրակացություն չի տվել։