Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապապարհի Երանոս-Ծակքար 7-կիլոմետրանոց հատվածում արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ խաչատրյանը:
Ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմել է 796 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 637,5 միլիոն դրամ:
Առանձին հատվածներում իրականացվել են ասֆալտբետոնե ծածկույթի հին շերտի ֆրեզման եւ հեռացման, փոսային նորոգումների, հարթեցնող շերտի եւ ասֆալտբետոնե վերին շերտի տեղադրման աշխատանքներ: Իսկ որոշակի հատվածներում էլ ընթանում են նոր ավազային ու խճային հիմքերի կառուցման եւ ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրման աշխատանքներ: Ասֆալտբետոնե վերին շերտի ծածկույթի ընդհանուր մակերեսը կազմելու է 59 հազար 200 քառակուսի մետր, եւս 2 հազար 200 քառակուսի մետր մակերես ընդգրկող տարածք էլ ասֆալտապատվելու է մուտքերում եւ իջատեղերում: Առանձին հատվածներում տեղադրվել են ջրահեռացման համակարգեր: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում: Ճանապարհը կկահավորվի ճանապարհային երթեւեկության նշաններով եւ գծանշումներով: Միջպետական նշանակության այս ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգման էր ենթարկվել «Լինսի» հիմնադրամի միջոցներով, 2003 թվականին: Աշխատանքներն ընթանում են սահմանված չափորոշիչներին ու ժամանակացույցին համապատասխան: Շուտով այս հատվածում մենք կունենանք արդի չափորոշիչներին համապատասխան ու միանգամայն բարեկարգ ճանապարհ: Շինարարությունն իրականացնում է «ԱԱԲ Պրոյեկտ» ընկերությունը»,-նշել է Գեւորգ Խաչատրյանը:
Օգոստոսի 5-ի դրությամբ աշխատանքներն արդեն կատարված են ավելի քան 50 տոկոսով: