432 դիտում, 2020.08.06 15:40

Համաճարակի պայմաներում քաղաքապետն «առաջին գծում» լինելու փոխարեն երևանցուն թողել է, որ իր «յուղով տապակվի»․ Ժիրայր Պեոճեքյան

Համաճարակի պայմաներում քաղաքապետն «առաջին գծում» լինելու փոխարեն երևանցուն թողել է, որ իր «յուղով տապակվի»․ Ժիրայր Պեոճեքյան

«ՀՀ բնակչության առնվազն 1/3-ը եւ 60 տոկոսը կենտրոնացած են երեւանում, իսկ  Կառավարությունը հայտարարում է, որ Երեւանն է դարձել համաճարակի բույնը։ Իսկ հակառակ այս հաստատումներին Երեւանի քաղաքապետը եւ քաղաքապետարանը որեւէ կապ չունեն բոլոր այն որոշումների հետ, որոնք կայացվում են հակահամաճարակային ճգնաժամի դեմ։ Եթե համաճարակի բույնը Երեւանն է, ապա Երեւանի առողջապահական խնդիրները նաեւ Երեւանի քաղաքապետարանի խնդիրներն են»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Ժիրայր Պեոճեքյանը։

Բանախոսի դիտարկմամբ, կառավարության կողմից հակահամաճարակային միջոցների դեմ պայքարի շրջանակում կայացրած որոշումներում Երեւանի քաղաքապետարանն ընդհանրապես գոյություն չունի․ «Քաղաքի ախտահանումը պատշաճ ձևով չկազմակերպվեց։ Նույնիսկ այն շենքերում, որտեղ կային վարակված մարդիկ, կամ մահեր արձանագրվեցին, ախտահանման գործընթաց չկազմակերպվեց։ Մենք ունենք քաղաքացիների  տվյալներ, որոնք օրեր շարունակ զանգում էին քաղաքապետարան, համատիրություններ, բայց ոչ ոք չէր գնում այդ տարածքները ախտահանելու։ Իսկ 3 օր հետո էլ, երբ գնում էին, արդեն վարաքվողը վարաքվել էր»,- արձանագրեց Ժ․ Պեոճեքյանը եւ հավելեց «Առողջապահության նախարարությունը քարտեզներ հրապարակեց, թե որ վարչական տարածքում եւ որտեղ վարակված մարդիկ կան, բայց համայնքապետարանները այդ քարտեզները չեն ստացել, որպեսզի գնան հասցեներով ախտահանեն։ Քաղաքապետարանն ու քաղաքապետը փոխանակ հրապարակի վրա լինեն, ինչպես ողջ աշխարհում, բոլոր քաղաքապետերն իրենց վրա վերցրեցին կորոնավիրուսի խնդիրների լուծման պատասխանատվությունը, իսկ մեր պարագայում՝ մեր քաղաքապետը բացակայում էր քաղաքի առօրյայից՝ մի տեղ ինքնամեկուսացված, թողել է, որ երեւանցին իր «յուղով տապակվի։ Համավարակը ողջ աշխարհում կրկին ահագնանում է, մենք չգիտենք, թե Հայաստանում ինչ է սպասվում աշնանը, չգիտենք, թե որքան գումար է հարկավոր լինելու պատվաստանյութեր ձեռք բերելու համար, իսկ  քաղաքապետարանի անձնակազմը, քաղաքապետի հետ պետք է այս ճակատամարտի «առաջին գծում», լինեին եւ տեր կանգնեին իրենց պարտավորություններին եւ պատասխանատվությունը չգցեին ժողովրդի, քաղաքացու, երեւանցու վրա»։

 

Ըստ բանախոսի, տպավորություն է ստեղծվում, որ այս պայմաններում, երբ մարդիկ տարբերակ չունեն իրենց բողքի ձայնը բարձրացնելու, Կառավարությունը, իշխանությունը մեկը մյուսի հետեւից որոշումներ է կայացնում եւ օրենքներ ընդունում․ «Քաղաքացին, այդ խնդրահարույց որոշումների դեմ իր բողոքի ձայնը բարձրացնելու տարբերակ չունի, բայց փոխարենը Կառավարությունը անցկացնում է այդ որոշումներն ու  երեւանցուն կանգնեցնում փաստի առաջ»,- ասում է Ժ․ Պեոճեքյանն ու թվարկում․ « Ֆիրդուսի թաղամասի որոշումը դրա մի օրինակն է, Մաշտոցի պուրակի սրճարանը, Նորքի IT-ները վաճառքի հանելը, եւ այլ նման որոշումներ, որոնք կարող ենք դեռ երկար թվարկել, որոնք հանրային քննարկման, երեւանցու տեսակետը ստանալու կարիք ունեն։ Այդ որոշումների արդյունքում կան հարցականներ, իսկ մի քանի շաբաթ հետո կանգնելու ենք փաստի առաջ։ Ավելին, վիրավորականն այն է, որ այս բոլոր շինարարական խնդիրների հետ կապված, երբ մարդիկ բողոքի ձայն են բարձրացնում, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետը, որի անձի հանդեպ, արվեստի իմաստով մեծ հարգանք ունենք, երեւանցու մասին խոսելիս քաղաքացուն հավասարեցնում է շանտաժիստի, ավազակի հետ, որը պահանջներ է դնում, որպեսզի համաձայնի այս շենքի կառուցման կամ չկառուցման հարցում»։

Անդրադառնալով Երևան քաղաքի հիմնախնդիրներին ու քաղաքապետարանում առկա կառավարման ճգնաժամին Ժ Պեոճեքյանը վստահեցրեց․ «Խիստ մտահոգված ենք Երեւանով, այս մասին մենք դեռ մեկ տարի առաջ էինք մեր մտահոգությունն արտահայտել քաղաքապետարանի դիմաց՝ դեղին քարտերի միջոցառում կազմակերպելով,  բազմաթիվ առիթներով, հարցազրույցներով ու մամլո ասուլիսներով։ Բայց, մեր մեկնած ձեռքը մնացել է օդի մեջ, լսող չկա, ո՛չ մեր քննադատություններին արձագանքող կա, ո՛չ էլ՝ մեր առաջարկները լսող»,- մտահոգված ասաց բանախոսն ու դիտարկեց, որ այս մամլո ասուլիսով փորձում են իրենց մտահոգությունները փոխանցել բոլոր երեւանցիներին։

Բանախոսը նաեւ հավելեց, որ Երեւանի զարգացման ռազմավարական ծրագրի տեսլականի բացակայության խնդիր ունենք։