կարևոր
1848 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-06 15:24

Դատարանը անհարգելի համարեց Սերժ Սարգսյանի բացակայությունը․ դատական նիստը հետաձգվեց

Դատարանը անհարգելի համարեց Սերժ Սարգսյանի բացակայությունը․ դատական նիստը հետաձգվեց

Երևանի առաջին ատյանի Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Վահե Միսակյանի, հետաձգվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը:

Դատական նիստի հետաձգման պատճառը Սերժ Սարգսյանի և նրա պաշտպան Ամրամ Մակինյանի, ինչպես նաև Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի ներկա չգտնվելու հանգամանքն էր: Վերջինս չի ներկայացել առողջական խնդիրների պատճառով:  

Առողջական խնդիրների պատճառով դատարան չէր ներկայացել նաև փաստաբան Ամրամ Մակինյանը, ով դիմումով տեղեկացրել էր դատարանին այդ մասին:

«Հայտնում եմ, որ ինքնազգացողության վատթարացմամբ պայմանավորված, թագավարակով վարակված լինելու որոշակի կասկածներ ունենալու պատճառով այսօր առավոտյան «Նաիրի» ԲԿ-ում հանձնել եմ թեստ, որի պատասխանը չեմ ստացել, ուստի նիստին չեմ կարող ներկայանալ»,- փաստաբանի դիմումը հրապարակեց դատավոր Վահե Միսակյանը։

Դատարանը անհարգելի համարեց Սերժ Սարգսյանի բացակայությունը: 

Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15.00-ին: 

Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 մլն 391 հազար 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 մլն 160 հազար դրամը:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սերգո Կարապետյանին ՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Բարսեղ Բեգլարյանին՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: