408 դիտում, 2020.08.06 15:28

Բուլղարիայում ռուսաստանցի զբոսաշրջիկների համար պատրաստ են դյուրացնել այցագրային ռեժիմը

Բուլղարիայում ռուսաստանցի զբոսաշրջիկների համար պատրաստ են դյուրացնել այցագրային ռեժիմը

Բուլղարիայում հույս ունեն, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները կվերադառնան այս տարվա ամառվա սեզոնին եւ պլանավորում են նրանց համար դյուրացնել այցագրային պահանջները: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ). գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բուլղարիայի փոխվարչապետ եւ զբոսաշրջության նախարար Մարիաննա Նիկոլովան այն կարծիքին է, որ Ռուսաստանը կարեւորագույն շուկաներից մեկն է բուլղարական տուրիզմի համար: Ուստի իշխանությունները պատրաստ են բոլոր ջանքերը գործադրել հյուրերի եւ տուրօպերատորների հարմարավետ պայմաններն ապահովելու համար:

«Կան կանոններ ու հրահանգներ, որոնք սահմանափակում են ռուսաստանցիների ուղեւորությունները: Բազմաթիվ երկրներ արդեն ճկունություն են դրսեւորում, ներառյալ ՌԴ քաղաքացիներին հենց օդանավակայանում այցագրեր տալու պրակտիկան: Մենք պետք է հնարավոր ամեն բան անենք ԱԳ նախարարության հետ, որպեսզի դյուրացնենք այցագրային պահանջները ռուսաստանցի զբոսաշրջիկների համար»,-մեկնաբանել է Նիկոլովան:

Ռուսաստանի բոլոր տուրօպերատորներն արդեն կարող են չարտերների սուբսիդավորման հայտեր ներկայացնել Բուլղարիայի առողջարանների համար: Յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար Բուլղարիան պատրաստ է վճարել 35-ական եվրո: Մասնավոր ծրագրերի սուբսիդավորման համար կառավարությունը հատկացրել է ավելի քան 28 մլն եվրո: 2020 թվականի առաջին հինգ ամսվա ընթացքում Ռուսաստանից տուրիստական հոսքը 60 տոկոսով անկում է արձանագրել 2019 թվականի համեմատությամբ: Անցյալ տարի Բուլղարիա էին ժամանել ավելի քան 450 հազար ռուսաստանցիներ: