346 դիտում, 2020.08.06 13:14

Սա ուժեղ պետության համար անհրաժեշտ ռազմավարություն է. վարչապետը՝ հանրակրթության չափորոշչի մասին

Սա ուժեղ պետության համար անհրաժեշտ ռազմավարություն է. վարչապետը՝ հանրակրթության չափորոշչի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի նիստի ընթացքում անդրադարձավ շրջանառության մեջ դրված հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների նախագծերին:  Փաշինյանը նշեց, որ հանրակրության պետական չափորոշչի շրջանառության մեջ դրված նախագիծն արտահայտում է ՀՀ կառավարության ռազմավարական պատկերացումները հանրակրթությունում անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ:

«Այս ընթացքում, իհարկե, այն կբարելավվի այն առումով, որ կանցնի ընթացակարգերով, կարծիքների հավաքագրումով: Մենք պետք է արձանագրենք մեր ռազմավարական պատկերացումը»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով առարկայական չափորոշիչներին` վարչապետը նշեց, որ այդտեղ նախատեսվող փոփոխություններն ու ռազմավարական պատկերացումները բխում են Հայաստանի Հանրապետության պետական, ազգային շահերից, ՀՀ քաղաքացիների ու յուրաքանչյուր անհատի շահերից:

«Սա ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռազմավարություն է: Որևէ մի բան մեզ չի շեղելու Հայոց պետականության հավիտենականության հայեցակարգը հենց այսօրվանից կյանքի կոչելուց և հանրակրթության չափորոշիչն այս իմաստով ունի կարևորագույն և առանցքային նշանակություն»,- ասաց վարչապետը: