ՀՀ կառավարությունը շուրջ 278 մլն դրամ հատկացրեց Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին հասցված վնասների վերացման, ինչպես նաև հանրային դպրոցների անվտանգության բարձրացման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար։ Գործադիրի նիստում որոշման նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Սույն որոշման նպատակն է աջակցել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների հրետակոծությունից տուժած բնակիչներին: Վնասված անշարժ գույք փոխհատուցման վերակառուցման համար նախնական գնահատականով անհրաժեշտ է առնվազն 302 մլն 618 հազար դրամ, որից 25 մլն դրամը ՀՀ կառավարությունն արդեն իսկ տրամադրել է: Այս որոշմամբ նախատեսվում է տրամադրել ևս 277 մլն 617 մլն դրամ»,- ասաց Պապիկյանը:
Փոխանցվող գումարից 110.5 մլն դրամն ուղղվելու է Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի սահմանամերձ համայնքների բնակիչների վնասված անշարժ գույքի փոխհատուցմանը, 84.3 մլն դրամը՝ Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի դպրոցների հիմնանորոգմանը և ապաստարանների նորոգմանը, 82.6 մլն դրամը` Ներքին Կարմիրաղբյուր համայնքում պուրակի կառուցման և Չինարիում բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման և տարածքի բարեկարգմանը:
Հուլիսի 12-20-ը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված լարվածության ընթացքում հակառակորդը թիրախավորել էր նաև Տավուշի սահմանամերձ գյուղերի քաղաքացիական շինությունները, վնասվել են մի շարք տներ: