ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է 2020թ. հուլիսի 4-ին «Hetq.am» համացանցային պարբերականում հրապարակված՝ «Թղթով՝ գյուղատնտեսական հող, իրականում՝ ավազի հանք» վերնագրով հրապարակումն այն մասին, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղը չունի ընդերքօգտագործման, այդ թվում՝ ավազի հանման հողեր, սակայն տարիներ շարունակ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների մի մասը օգտագործվել և որոշներն էլ այժմ օգտագործվում են որպես ավազի հանքավայրեր: Աս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը.
«Ըստ հրապարակման՝ Ջրառատ գյուղի բնակիչը տարիներ շարունակ, առանց համապատասխան թույլտվության, ավազ է հանում գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից՝ համայնքին պատճառելով խոշոր վնաս, իսկ համայնքապետարանը պատշաճ քայլեր չի ձեռնարկում ընդերքին և համայնքին պատճառված վնասը կանխելու համար:
Հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է Արմավիրի մարզի դատախազություն՝ դրանում նշված հանգամանքները պարզելուն ուղղված միջոցառումներ նախաձեռնելու նպատակով; Արմավիրի մարզի դատախազությունից այն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2015թ-ից սկսած մինչև 2019թ-ի նոյեմբեր ամիսը, որոշակի ընդհատումներով, մարզի Ջրառատ գյուղի վարչական տարածքում գտնվող հողամասում, առանց հատուկ թույլտվության, որևէ պայմանագրի և առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու, անձը զբաղվել է ավազի արդյունահանմամբ:
ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու նպատակով քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժին: