կարևոր
1770 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-05 22:42

Որքան ցածր լինեն թվերը, այնքան առկա դասընթացներին վերադառնալու հավանականությունը մեծ կլինի

Որքան ցածր լինեն թվերը, այնքան առկա դասընթացներին վերադառնալու հավանականությունը մեծ կլինի

Դպրոցներում սեպտեմբերի 1-ից դասերի վերսկսման մի քանի սցենարներ կան: Այդ մասին վարչապետը նշեց պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով լրատվամիջոցներից մեկին հարցին: 

«Ամեն ինչ կախված է վարակի տարածման տեմպից, վարակի տարածման տեմպն էլ կախված է այն հակահամաճարակային կանոններից, որոնց մենք հետևում ենք։ Այս որոշումները ոչ թե կառավարությունն է կայացնում, այլ բոլորս ենք կայացնում՝ ձեզ հետ միասին։ Կառավարությունն ամենաշահագրգռվածն է, որ մենք օր առաջ վերադառնանք բնականոն կյանքին։ Բայց այնպես չանենք, որ հետ գլորվենք ու հուլիսի սկզբի իրավիճակում հայտնվենք։ Որքան ցածր լինեն թվերը, այնքան հավանականությունը մեծ է, որ հանրակրթությանը և բարձրագույն կրթությանը հնարավորություն կտանք իրականացնել առկա դասընթացները։ Իսկ թվերը ցածր կլինեն, եթե մենք կատարենք հակահամաճարակային կանոնները՝ կրենք դիմակ, պահպանենք սոցիալական հեռավորություն եւ ախտահանենք ձեռքերը»,- ասաց վարչապետը: 

Հայաստանում օգոստոսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39586 դեպք, որոնցից 30850-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 7738 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1848 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 170 012 թեստավորում: Մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 288 նոր դեպք և 478 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 770 դեպք:

Հայաստանում արտակարգ դրությունը, որի ժամկետը լրանալու էր օգոստոսի 12-ին, երկարաձգվելու է ևս մեկ ամսով: Այն կլինի վերջին երկարաձգումը։ Արտակարգ դրության ռեժիմը, պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով, Հայաստանում հայտարարվել է մարտի 16-ից և երկարաձգվել մի քանի անգամ: Այդ ընթացքում սահմանափակումներ են մտցվել, և հանրակրթական ու բարձրագույն կրթության բոլոր հաստատություններում դասերը կազմակերպվել են հեռավար՝ օնլայն տարբերակով: