374 դիտում, 2020.08.05 14:56

ՔԿ-ն կքննի Ռուբեն Հայրապետյանի՝ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափությունը

ՔԿ-ն կքննի Ռուբեն Հայրապետյանի՝ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափությունը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ ՀՀ քննչական կոմիտե են ուղարկվել հետախուզման մեջ գտնվող՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ մամուլի համապատասխան հրապարակումները։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ՝ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ մամուլի համապատասխան հրապարակումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, այնտեղ վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում այդ հանգամանքները քննարկման առարկա դարձնելու, դրանցում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքների հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով:

Դատախազությունը հետամուտ կլինի քննությամբ ձեռք բերված արդյունքերից ելնելով՝ համապատասխան իրավական գնահատական տալու հարցում»,- գրել է Աբրահամյանը։

Ավելի վաղ, դատախազությունը հայտնել էր, որ Ռուբեն Հայրապետյանը 2003 թվականի հունիսի 20-ից հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։

Ռուբեն Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավված Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով ՝ առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով և շահադիտական դրդումներով ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ինքնիրավչության հատկանիշներով:

Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավված նաև Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակում՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու համար

2020 թվականի մայիսի 27-ին Քննչական կոմիտեն Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հայտարարարել էր հետախուզում։ Ավելի ուշ, հուլիսի 30-ին Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները դադարեցրել են իր պաշտպանյալի նկատմամբ հայտարարված հետախուզումը, քանի որ նրա գտնվելու վայրը հայտնի է։

Ռուսաստանի Դաշնության սահմանադրությամբ՝ Ռուսաստանի քաղաքացիները չեն կարող հանձնվել այլ երկրի, այդ թվում՝ քրեական հետապնդման ենթարկվելու պարագայում: