1434 դիտում, 2020.08.04 23:16

Բեյրութում պայթյունը եղել է տարիներ առաջվանից պահեստում պահվող պայթուցիկ նյութերից

Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ուժգին պայթյունի պատճառը, հնարավոր է, եղել են տարիներ առաջ առգրավված պայթուցիկ նյութերը, որոնք պահվում էին պահեստում։ Այս մասին հայտնում է Al Jazeera լրատվական գործակալության տեղի թղթակիցը՝ հղում անելով Լիբանանի Ընդհանուր անվտանգության գլխավոր վարչության պետ, գեներալ Աբբաս Իբրահիմին. գրում է razm.info-ն:

Նշենք, որ պայթյունի հստակ պատճառն առայժմ անհայտ է։ Տարբեր միջազգային աղբյուրներ հայտնում են հարյուրավոր վիրավորների և առնվազն 10 զոհի մասին։ Այս պահին համացանցում տարածվում են տեղեկություններ, տեսանյութեր և լուսանկարներ այն մասին, որ Բեյրութի հիվանդանոցներում ազատ տեղեր չկան, մարդիկ մահանում են առաջին բժշկական օգնություն չստանալու պատճառով։

Հավանաբար զոհերի թիվը դեռ շարունակելու է ավելանալ, քանի դեռ հայտնի չեն վիրավորների վիճակը, ինչպես նաև պայթյունի հետևանքով հնարավոր է, որ փլատակների տակ մնացած զոհեր ևս լինեն։

Լիբանանի պաշտոնական աղբյուրները հորդորում են մարդկանց ներկայանալ հիվանդանոցներ և հանձնել տարբեր կարգի արյուն՝ մարդկանց փրկելու համար։