Լիբանանի նախագահ Միշել Աունը Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Al Manar հեռուստաընկերությանը:
Նիստի ընթացքում քննարկվելու են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի մերձակայքում տեղի ունեցած պայթյունն ու դրա հետևանքները:
Լիբանանի վարչապետ Հասան Դիաբն օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարել` ի հիշատակ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի:
Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ստացվող տեղեկությունները տարբեր են, որոշ աղբյուրներում նշվում է երկրորդ պայթյունի մասին ևս: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում, տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց, ըստ որոշ հրապարակումների, ավելի մեծ պայթյուն է որոտացել: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները:
Լիբանանի ԱՆ նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել է պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է:
Առողջապահության նախարար Համադ Հասանը տեղական ԶԼՄ-ներին հայտնել է, որ նավահանգստում հրավառության պարագաներ տեղափոխող նավ է պայթել:
Reuters գործակալությունը, հղում անելով անվտանգության և առողջապահության ոլորտի լիբանանյան աբյուրներին, հայտնում է, որ Բեյրութի նավահանգստի շրջանում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո առնվազն 10 դի է տեղափոխվել հիվանդանոցներ:
Իսրայելի պաշտոնյաները հայտարարում են, որ պաշտոնական Երուսաղեմը ոչ մի կապ չունի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետ: