478 դիտում, 2020.08.04 20:28

Օտարերկրացիների` Վրաստանում գտնվելու օրինական ժամկետը լրացել է

Օտարերկրացիների` Վրաստանում  գտնվելու օրինական ժամկետը լրացել է

Օտարերկրյա այն քաղաքացիները,  որոնց համար Վրաստանում գտնվելու ժամկետը լրացել է, պարտավոր են լքել երկիրը: Այս մասին հայտնում է Aliq.ge կայքը:

Օգոստոսի 1-ին լրացել է երկրում առանց կեցության իրավունքի գտնվող քաղաքացիների համար կարանտինով պայմանավորված արտոնությունների ժամկետը (արտոնություններ սահմանվել էին մարտի 14-ին):

Ժամկետը լրանալիս օտարերկրյա քաղաքացու` Վրաստանում գտնվելը համարվում է  ապօրինի, քաղաքացին տուգանվում է 180 լարիով  (մոտ 60 դոլար), իսկ եթե քաղաքացին 3 ամսվա ընթացքում ևս չի լքում երկիրը, տուգանքը կրկնապատկվում է:

Վրաստանի հյուրերը հնարավորություն ունեն դիմում ներկայացնելու` երկրում գտնվելու օրինական ժամկետը երկարաձգելու համար,  սակայն այն բավարարելու համար որևէ երաշխիք չկա:

Տարբեր երկրների քաղաքացիների համար Վրաստանում գտնվելու օրինական ժամկետները տարբեր են: Օրինակ ՀՀ կամ ՌԴ քաղաքացիների համար 1 տարի է:

Օտարերկրացիները հնարավորություն ունեն դիմել կեցության իրավունքի համար, սակայն շատերը նախընտրում են մեկ անգամ Վրաստանի սահմանը հատելու տարբերակը` այդպիսով ևս մեկ անգամ երկրում գտնվելու իրավունք ստանալով:
Հիշեցնենք` մարտի 21-ին Վրաստանում արտակարգ դրություն հայտարարվեց, երկրում լիովին դադարեցվեց ավիահաղորդակցությունը, փակվեցին նաև ցամաքային բոլոր սահմանները:  Մայիսի 23-ին արտակարգ դրությունը հանվեց, սակայն սահմաննեը փաստացի փակ են մնում։  Տարբեր երկրներ միայն չարտերային չվերթներ են կազմակերպում`  քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատալով: Սեփական քաղաքացիների համար  երկրների սահմանները չեն փակվել  ոչ մի օրով: