554 դիտում, 2020.08.04 19:02

Ոստիկանությունը բերման ենթարկեց Ամուլսար տանող ճանապարհին ցույց անող մի քանի քաղաքացու

Ոստիկանությունը բերման ենթարկեց Ամուլսար տանող ճանապարհին ցույց անող մի քանի քաղաքացու

ՀՀ ոստիկանությունը Ամուլսարի տարածքից բերման ենթարկեց «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանելու դեմ ցույց անող քաղաքացիներից մի քանիսին: Ոստիկանությունը կոչ արեց դադարեցնել հավաքը:

«Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված` արգելված է հավաքների իրականացումը: Ոստիկանությունը հորդորում է դադարեցնել հավաքը և հեռանալ հավաքի վայրից: Ոստիկանությունը հորդորում է պահպանել սոցիալական հեռավորություն և ողջամիտ ժամանակ է տալիս հավաքը դադարեցնելու համար»,- հայտնեցին ոստիկանությունից:

Հայկական բնապահպանական ճակատը հայատարարություն է տարածել, որում նշել էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել էր ու փոխարենը դրել իրենցը: «Սա խաղաղ դիմադրության իրավունքն իրացնելու նկատմամբ անընդունելի ոտնձգություն է: Մանավանդ, հաշվի առնելով, որ ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ վագոն-տնակները չէին գտնվում մասնավոր ընկերության տարածքում»,- ասված էր Հայկական բնապահպանական ճակատի հայտարարությունում, որում նաև կոչ էր արվում քաղաքացիներին դուրս գալ ու բողոքել:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը իր հերթին հայտարարել էր, որ սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը։ «Այսօր առավոտյան «Լիդիան Արմենիան» նախաձեռնել է «Լիդիանի» օրինական տարածքում արդեն մոտ երկու տարի ապօրինի գտնվող վագոն-տնակների հեռացումը ընկերության տարածքից։ «Լիդիան Արմենիան» ունի Ամուլսարի տարածքում աշխատանքներ իրականացնելու բոլոր թույլտվությունները, որոնք որևէ կերպ չեն չեղարկվել կամ նույնիսկ ժամանակավոր չեն դադարեցվել»,- նշված է հայտարարության մեջ։

Այս պահին բնապահպանական որոշ կազմակերպություններ և մի շարք քաղաքացիներ բողոքի ցույց են իրականացնում այդ տարածքում:

Ոստիկանությունը Ամուլսարի տարածքում վագոն-տնակների ապամոնտաժման դեպքով համապատասխան ուսումնասիրություն է կատարում։