կարևոր
1416 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-04 15:54

Դիլիջանի ԲԿ-ում Covid-19-ի բաժանմունքն այլևս չի գործում. դուրս է գրվել վերջին առողջացած պացիենտը

Դիլիջանի ԲԿ-ում Covid-19-ի բաժանմունքն այլևս չի գործում. դուրս է գրվել վերջին առողջացած պացիենտը

Դիլիջանի բժշկական կենտրոնում բացված Covid-19-ի բաժանմունքն այլևս չի գործում, կենտրոնը վերադառնում է իր նախկին աշխատանքային ռեժիմին: Այս մասին ասված է Դիլիջանի բժշկական կենտրոնի ֆեյսբուքյանպաշտոնական էջում:

«Ուրախությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի նվազման հետ կապված՝ Դիլիջանի բժշկական կենտրոնը վերադառնում է իր նախկին աշխատանքային ռեժիմին: Հպարտությամբ ենք նշում, որ մենք նույնպես մեր փոքր լուման ենք ներդրել այս վարակի դեմ լարված և անձնվեր պայքարում, որ տարվում է ողջ հանրապետությունում, և պատվով ենք կատարել մեր առջև դրված խնդիրները: Ուզում ենք խորին շնորհակալություն հայտնել այն անձանց, որոնք ներգրավված են եղել այդ հերոսական աշխատանքում՝ բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին, մայրապետներին, ախտորոշիչ բաժանմունքի աշխատակիցներին, սննդի մատակարարման աշխատողներին, կազմակերպիչներին: Դիլիջանի բժշկական կենտրոնում բացված Covid-19 բաժանմունքը օգոստոսի 1-ից այլևս չի գործում: Շենքն ամբողջությամբ ախտահանվել է, գործում է նախկին բնականոն հունով և պատրաստ է ընդունել պացիենտներին»,- ասված է հայտարարությունում։

2020 թվականի հունիսի 12-ից մինչև հուլիսի 31-ը Դիլիջանի բժշկական կենտրոնում բուժում է ստացել Covid-19 դրական մոտ 200 պացիենտ:

Հայաստանում օգոստոսի 4-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39 298 դեպք, որոնցից 30 372-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7 930 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 168 164 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 768 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 228 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հուլիսի 13-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հուլիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: