334 դիտում, 2020.08.03 23:30

Տավուշի մարզում ջրամատակարման խնդիրը լուծելու համար մի շարք ծրագրեր են իրականացվում

Տավուշի մարզում ջրամատակարման խնդիրը լուծելու համար մի շարք ծրագրեր են իրականացվում

ՀՀ Տավուշի մարզում ջրամատակարարման խնդիրների լուծմանը վերաբերող ծրագրերի շնորհիվ 2021 թվականին այնտեղ չի լինի որևէ գյուղ, որը ծավալային առումով ջրամատակարարման խնդիր կունենա։ Պատասխանելով քաղաքացիների հարցերին այս մասին ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Շատ ուրախ եմ ասելու, որ այս տարվա ամենամեծ քանակի ծրագրերը վերաբերում են ջրամատակարարմանը։ Անցյալ տարվանից սկսած մենք արձանագրել և հայտարարել ենք, որ մեր տարածաշրջանի հիմնական խնդիրներից մեկը կապված է ջրամատակարարման համակարգի հետ, ոչ միայն այն պատճառով, որ մենք ունեցել ենք գյուղեր որոնք ըստ էության նորմալ ջրամատակարարում չեն ունեցել, ոչ միայն այն պատճառով, որ մեր գյուղերի ներքին ցանցերը գտնվում են շատ վատ վիճակում, քանի որ վաղուց են կառուցվել և քայքայվել են, այլև այն պատճառով, որ չափազանց իջել են ջրային ռեսուրսների ծավալները։ Այդ ծավալների իջեցումը մեզ հարկադրում է, որպեսզի մենք նոր աղբյուրներ գտնենք»,- նշել է Չոբանյանը և հավելել, որ վերջին շրջանում իրենք շատ դեպքերում գնում են հորատանցքերի ճանապարհով։

Մարզպետի խոսքով՝ ամենամեծ ծավալներն իրականացվում են Բերդի տարածքում, ինչը պայմանավորված է հիմնականում կլիմայական փոփոխություններով, ինչպես նաև այս պահին աշխատանքներ են տարվում Պառավաքար գյուղում։ 

Չոբանյանը տեղեկացրել է, որ շուտով կսկսվի Պառավաքարի ջրամատակարարման ծրագրի 2-րդ փուլը, որը կընդգրկի գյուղի 30 տոկոսը. այն դուրս էր մնացել 1-ին ծրագրից։

«Մարզում իրականացվող ծրագրերի մի մասն ընթացքի մեջ է և իրականացվում է կառավարության միջոցներով, հաջորդ մասն էլ կարվի Հայաստան Համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Այսօր համայնքային ուժերով աշխատանքներ են իրականացվում նաև Մովսես և Չինչին գյուղերում։ Չինչինի ջրամատակարարման հարցն առաջիկա  ամսում կլուծվի, փոխվում է պոմպակայանը, նոր ջրագիծ է կառուցվում։ Զուգահեռաբար աշխատանքներն ընթացքի մեջ են Տավուշ, Այգեպար և Չորաթան գյուղերի ջրամատակարարումների հետ կապված։ Այս տարի, եթե դրանք չավարտվեն, ապա անպայման սկսված կլինեն»,- ասել է Չոբանյանը։ 

Նա ընդգծել է, որ սկսվել է պայմանագրային գործընթաց` Բաղանիսի, Վազաշենի, Դիտավանի խմելու ջրի համակարգերի հետ կապված։ Նույն իրավիճակում են Դովեղը, Ջուջեվանը, ինչպես նաև Բերդավանը։ 

Մարզպետը շեշտել է, որ իրենց համար սկզբունք է, որպեսզի 1 շնչին հասնող ծավալով լինի առնվազն 200 լ ջուր, ինչը Չոբանյանի խոսքով՝ հնարավոր է չբավարարի միայն ամառվա ամիսներին, քանի որ այդ ջուրը բնակիչներն օգտագործում են նաև ոռոգման նպատակով։