412 դիտում, 2020.08.03 20:44

Ակնալճի եզդիական սրբատեղիում հարգանքի տուրք են մատուցել Սինջարում սպանված եզդիների հիշատակին

Ակնալճի եզդիական սրբատեղիում հարգանքի տուրք են մատուցել Սինջարում սպանված եզդիների հիշատակին

 ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի, հայ-եզդիական բարեկամության անկյունաքար Միրզա Սլոյանի ազգականների և եզդի համայնքի ներկայացուցիչների հետ Ակնալճի եզդիական սրբատեղիում այսօր մասնակցել է Սինջարի եզդիների ցեղասպանության զոհիրի հիշատակին նվիրված միջոցառմանը:

Ինչպես հաղորդում է Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը՝ նրանք ծաղիկներ են խոնարհել և ծաղկեպսակ դրել Իրաքում ԴԱԻՇԻ-ի հրոսակների կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին` լռությամբ ու խոնարհումով հարգելով նրանց հիշատակը: Համբարձում Մաթևոսյանն այցելել է նաև եզդիական սրբատեղիի հիմնադիր-հովանավոր Միրզա Սլոյանի շիրիմին` հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Այնուհետև նա ծանոթացել է Սինջարի եզդիների ցեղասպանությանը նվիրված լուսանկարների ցուցադրությանը, ապա մասնակցել հիշատակի օրվան նվիրված հանդիպում-քննարկմանը: Ողջունելով ներկաներին` նա իր վշտակցությունն է հայտնել բարեկամ եզդի ժողովրդին:

«2014 թվականին այս օրը եզդիների օրացույցում սև շրջանակի մեջ վերցվեց. եզդիաբնակ Շանգալ բնակավայրում իսլամիստ ահաբեկիչների կողմից հարյուր հազարավոր եզդիներ սպանվեցին, սեռական բռնությունների ենթարկվեցին մեծաթիվ կանայք ու աղջիկներ: Շատերն էլ, չցանկանալով հավատափոխ լինել, ինքնասպան եղան` իրենց ցած նետելով ժայռերից»,- նշել է մարզպետը:

Համբարձում Մաթևոսյանը հավելել է, որ եզդիների ցեղասպանությունը ցնցել է նաև Հայաստան աշխարհը, հայ ժողովրդին։

«Ամենուր ձևավորվեցին «օգնիր եզդիներին» համահայաստանյան խմբեր: Ցեղասպանություն ապրած հայ ժողովուրդը միջազգային տարբեր ատյաններում դատապարտեց եզդիների ցեղասպանությունը և մարդկությանը կոչ արեց սատար կանգնել եզդի ժողովրդին: Իսկ այսօր, մեր եղբայրական եզդի ժողովրդի հետ մի բռուցք դարձած, մենք ոգեկոչում ենք Իրաքի հյուսիսում եզդիների դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը և կրկին դատապարտում մարդկության դեմ իրականացված և շարունակվող ոճրագործությունները»,- ասել է Մաթևոսյանը:

Մարզպետը հավելել է, որ հարյուր հազարավոր զոհեր ունենալով հանդերձ, եզդի ժողովրդին ցեղասպանել չի հաջողվել և չի հաջողվելու, որովհետև դարերի խորքից եկող այս ազգը պատրաստ է անգամ ինքնազոհողության գնով պահպանել իր հավատը և ազգային արժեքները:

«Եվ ուրեմն, փառք եզդի ժողովրդին, հավերժ խոնարհում հանուն ազգային արժեքների իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին: Թող աստված լույսի մեջ պահի նրանց հոգիները և իր օրհնությունը բերի եզդի ժողովրդին»,- եզրափակել է Համբարձում Մաթևոսյանը:

2014թ. օգոստոս ամսվա սկզբին իսլամիստների զինված ուժերը գրավել են Հյուսիսային Իրաքում գտնվող Սինջար քաղաքը, որը բնակեցված էր եզդիներով։ Իրաքի մարդու իրավունքների նախարար Մուհամեդ Շիա ալ-Սուդանիի հայտարության համաձայն. օգոստոսի 10-ի՝ դրությամբ ահաբեկիչների կողմից սպանվել է նվազագույնը 500 եզդի: Օգոստոսի 15-ին իսլամիստ ահաբեկիչները եզդիական փոքր Կոջո գյուղում սպանել են 80 տղամարդու և գերի վերցրել 100 երեխաների և կանանց։