338 դիտում, 2020.08.03 20:14

ԱՀ նախագահ Հարությունյանը շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել

ԱՀ նախագահ Հարությունյանը շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել

 Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին ԱՀ շրջանների վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Ընթացիկ աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել շրջանային վարչակազմերի ղեկավարները՝ ներկայացնելով ներհամայնքային և միջհամայնքային ճանապարհների վերանորոգման, բերքի իրացման,  խմելու և ոռոգման ջրի խնդիրների, ինչպես նաև բնակարանային և սոցիալ-տնտեսական նշանակության այլ հարցեր: Շրջանային պատասխանատուների խոսքով՝ որոշ համայնքներում լուրջ վնասներ է հասցրել վերջին օրերին տեղացած կարկուտը:

Երկրի ղեկավարը նշել է, որ կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում շարունակում է համաչափ արձագանքել նախանշված խնդիրներին, սակայն հորդորել է որոշ հանձնարարականներ կատարելիս ավելի ակտիվ ներգրավվել գործընթացին: Խոսելով խմելու ջրի կանոնավոր մատակարարման հարցի լուծման շուրջ՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այն Կառավարության առաջնահերթություններից է և նախատեսված է ավարտին հասցնել առաջիկա 3 տարիներին: Քննարկման ընթացքում նախագահի կողմից տրվել են նաև մի շարք հանձնարարականներ:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար ժիրայր Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: