630 դիտում, 2020.08.03 18:33

Պարետատանը շարունակվում են արտակարգ դրության երկարաձգման կամ այլ լուծման շուրջ քննարկումները

Պարետատանը շարունակվում են արտակարգ դրության երկարաձգման կամ այլ լուծման շուրջ քննարկումները

Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ռեժիմի պարետատանը շարունակվում են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության երկարաձգման կամ այլ լուծում գտնելու շուրջ քննարկումները: Այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

«Արտակարգ դրության երկարաձգման կամ արտակարգ իրավիճակի ռեժիմով համավարակի կառավարմանն անցնելու տարբերակները քննարկվում են: Հաշվի են առնվելու արտակարգ իրավիճակի ռեժիմով համավարակի դեմ պայքարը արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի առկայութունը, ինչպես նաև համաճարակաբանական վիճակը: Այժմ փոփոխություններ են մշակվում «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» և «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքներում»,- ասել է Հունանյանը:

Ավելի վաղ ՀՀ Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը հայտնել էր, որ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ Արդարադատության նախարարությունը մշակվում է օրենսդրական փաթեթ, որի փոփոխությունները վերաբերում են Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին և ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքներին: Այս մասին Մարտիրոսյանը նշել էր, պատասխանելով այն հարցին, թե արդյոք մշակվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած այն կարգավորումները, որոնք հնարավորություն կտան արտակարգ դրությունը երկարաձգելու փոխարեն, Covid-19-ի սահմանափակումներն ու միջոցառումներն իրականացնել արտակարգ իրավիճակ հայտարարելու միջոցով:

Օգոստոսի 13-ին, ժամը 17:00-ին ավարտվում է կառավարության կողմից երկարաձգված արտակարգ դրության ժամկետը: Հայաստանում կառավարությունն առաջին անգամ արտակարգ դրություն է հայտարարել 2020թ. մարտի 16-ին: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում անվերջ հնարավոր չէ արտակարգ դրության ժամկետը երկարաձգել, սակայն պետք է համապատասխան օրենքներում այնպիսի փոփոխություններ անել, որոնք հնարավորություն կտան համավարակի նոր օջախներ հայտնաբերվելու դեպքում սահմանափակումներ կիրառել: