կարևոր
924 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-03 12:48

Երկու եղբայրներ ձերբակալվել են՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Երկու եղբայրներ ձերբակալվել են՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Արտաշատ քաղաքի բնակիչներ, եղբայրների կողմից ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

2020թ. օգոստոսի 02-ին՝ ժամը 18:15-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Արտաշատ քաղաքի բնակչուհի և հայտնել, որ ծանոթն իրեն ծեծում է և կոտրում տան դուռը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը: 

Նկատելով մոտեցող ոստիկաններին՝ տղամարդը խոհանոցային դանակը դրել է իր վզին ու սպառնացել վնասել իրեն:

Ոոստիկանության ծառայողները, վերջինիս հետ խոսելով, համոզել են և հրավիրել Ոստիկանության բաժին: Տղամարդը, դանակն իր վզին պահած վիճակում, ոստիկանների և եղբոր ուղեկցությամբ, քայլելով գնացել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ՝ միջանցքում, դանակը թափահարելով հարձակվել է ոստիկանների վրա, և երբ վերջիններս փորձել են վնասազերծել նրան, դանակով հարվածել է ոստիկանության ՀՈԲ ավագ տեսուչի աջ ոտքին՝ պատճառելով վնասվածք:

Նույն պահին նրա եղբայրը քարով հարձակվել է ոստիկանների վրա, սակայն չի հասցրել որևէ մեկին հարվածել, քանի որ ոստիկանության ծառայողները նրան վնասազերծել են:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Արտաշատ քաղաքի բնակիչներ, երկու եղբայրները ձերբակալվել են՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, զննվել է դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունը, հարցաքննվել են ականատես վկաներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: