կարևոր
1384 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-03 11:47

Հայաստանի եզդի համայնքի հետ ոգեկոչում ենք Սինջարում զոհվածների հիշատակը. Արարատ Միրզոյան

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ օգոստոսի 3-ին հայ ժողովուրդը Հայաստանի եզդի համայնքի հետ ոգեկոչում է 6 տարի առաջ Իրաքի հյուսիսում ահաբեկիչների կողմից սպանված եզդիների հիշատակը: Այս մասին Միրզոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր Հայաստանի եզդի համայնքի հետ մենք ոգեկոչում ենք 6 տարի առաջ Սինջարում զոհված իրենց եղբայրների և քույրերի հիշատակը։ Իբրև ցեղասպանություն վերպրած ազգ՝ մենք չենք կարող անտարբեր մնալ որևէ այլ ժողովրդի նկատմամբ իրականացված նույն ոճիրին ականատես լինելիս»,- գրել է Միրզոյանը:

2014թ. օգոստոս ամսվա սկզբին իսլամիստների զինված ուժերը գրավել են Հյուսիսային Իրաքում գտնվող Սինջար քաղաքը, որը բնակեցված էր եզդիներով։ Իրաքի մարդու իրավունքների նախարար Մուհամեդ Շիա ալ-Սուդանիի հայտարության համաձայն. օգոստոսի 10-ի՝ դրությամբ ահաբեկիչների կողմից սպանվել է նվազագույնը 500 եզդի: Օգոստոսի 15-ին իսլամիստ ահաբեկիչները եզդիական փոքր Կոջո գյուղում սպանել են 80 տղամարդու և գերի վերցրել 100 երեխաների և կանանց։