կարևոր
2070 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-02 23:39

Վրաստանի նախկին վարչապետի որդին մեղադրվում է նախկին պատգամավորի թոռան վրա հարձակում գործելու մեջ

 Վրաստանի նախկին վարչապետի որդին մեղադրվում է նախկին պատգամավորի թոռան վրա հարձակում գործելու մեջ

Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի որդին` Բեսարիոն Ժվանիան, ձերբակալվել է Թբիլիսիում, նրան մեղադրում են Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, գործարար Գոգի Թոփաձեի թոռան` Լեւան Թոփաձեի վրա հարձակվելու մեջ: Այս մասին հայտնում է հաղորդւոմ է «Նովոստի Գրուզիա»-ն՝ հղում անելով «Մթավարի» հեռուստաալիքին։

Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվության համաձայն՝ 24-ամյա Բ. Ժ.-ն սառը զենքով մի քանի վնասվածք է հասցրել 22-ամյա Լ. Թ.-ին: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Թոփաձեի տանը, իսկ հարձակումը տեղի է ունեցել անձնական հակամարտության հողի վրա։

«Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ վիրահատվել է»,-հայտնել են նախարարությունից։

Ավելի վաղ Գոգի Թոփաձեն հայտնել է լրագրողներին, որ կոնֆլիկտի բոլոր մասնակիցները ոգելից խմիչքի ազդեցության տակ էին։ Նրա խոսքով՝ ծեծկռտուքը տեղի է ունեցել, երբ երիտասարդները վերադառնում էին ռեստորանից։ Նա նաեւ ենթադրում է, որ վեճը տեղի է ունեցել երիտասարդ կնոջ պատճառով։

Որոշ տեղեկություններով՝ Թոփաձեի հետ միասին վիրավորվել է նաեւ նրա ընկերը։ Տեղեկատվությունը ճշտվում է։

ՆԳՆ-ը շարունակում է հետաքննությունը առողջությանը կանխամտածված ծանր վնաս հասցնելու հատկանիշներով։ Այդ հանցագործության համար նախատեսվում է 3-6 տարվա ազատազրկում։

Զուրաբ Ժվանիան քաղաքական գործիչ է, որը զբաղեցրել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի եւ վարչապետի պաշտոնները, Վրաստանում 2003 թվականին «վարդերի հեղափոխություն» իրականացրած ընդդիմության առաջնորդներից մեկն է։ Նա մահացել է 2005 թվականի փետրվարի 3-ին՝ 42 տարեկանում։