392 դիտում, 2020.08.01 21:21

Քսանմեկ յուրահատուկ ներկայացում. Երևանում մեկնարկեց «Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնը

Քսանմեկ յուրահատուկ ներկայացում. Երևանում մեկնարկեց «Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնը

«Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնը, որի շրջանակում ցուցադրվելու է 21 ներկայացում, նվիրված է հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին:

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 1-ին Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանն ասաց, որ ուղղակի հիացմունքի են արժանի իր գործընկերների ջանքերը փառատոնն իրականացնելու կապակցությամբ: «Այս օրերին մշակութային բովանդակության քաղց է, և այս պայմաններում նման փառատոնի կազմակերպումը, որի շրջանակում ընդգրկված է 21 ներկայացում, կարևոր է ոչ միայն մեր արտիստների, ռեժիսորների, թատերասերների, այլև առհասարակ հանրության համար: Թատրոնի գոյությունը և նման միջոցառումների կազմակերպումը ցույց են տալիս, որ կյանքը կանգ չի առել, իսկ այն բարդությունները, որոնք այսօր կան, ժամանակավոր են: Դրանց հաղթահարման լավագույն ձևը շարունակել աշխատել, ստեղծագործել և մարդկանց հնարավորություն տալ չկորցնել լավատեսությունը»,-նշեց Խզմալյանը:

«Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն էլ խոստովանեց, որ իսկապես շատ երջանիկ է, որովհետև չորս ամսվա դադարից հետո թատերական կյանքը վերականգնվում է: «Ցանկանում եմ, որ մենք վերադառնանք թատերական դահլիճներ, թանգարաններ, վերադառնանք այն կյանքին, որին սովոր ենք և որը սիրում ենք: Պետք է ստեղծագործողներին թևեր տալ. այդպես մենք թևեր ենք տալիս նաև հանդիսատեսին»,-ընդգծեց Մխիթարյանն ու հավելեց, որ բացօթյա ներկայացումները շատ հետաքրքիր միջավայրում են խաղալու, հետաքրքիր լուծումներով: 

Փառատոնի բացումը վստահված էր Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» պատմվածքի հիման վրա բեմադրված համանուն ներկայացմանը, որի բեմադրիչը և դերակատարը ՀՀ վաստակավոր արտիստուհի Նարինե Գրիգորյանն է: Անդրադառնալով ներկայացմանը՝ Հրանտ Մաթևոսյանի որդին, հեղինակի անվան մշակութային հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը պատմեց, որ մի առիթով Նարինե Գրիգորյանի հետ խոսել են Մաթևոսյանի պիեսների ու սցենարների բեմականացման մասին:

«Պարզ խնդիր եղավ, որ ոչ պակաս վիզուալ է և ոչ պակաս չակերտավոր թատերական արձակը։ «Գոմեշի» մասին խոսք եղավ, և ես շատ ուրախ եմ, որ Նարինեն այն բեմադրեց։ Ըստ իս՝ ներկայացումը հաջողելու է, քանի որ փառատոնային շատ լավ բեմադրություն է: Հյուրախաղային ներկայացում է լինելու, թե՛ Հայաստանի համար, թե՛ Հայաստանից դուրս։ Եվ հրաշալի առիթ է լինելու հայ մշակույթը, հայ արձակը հանրահռչակելու համար։ Կտեսնեք, որ այդպես էլ լինելու է՝ ճիշտ շեշտադրումներով կայուն բեմադրությամբ»,-եզրափակեց Մաթևոսյանը:

Փառատոնի ներկայացումները կանցկացվեն բացօթյա՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները:

Բեմադրությունները կցուցադրվեն նաև առցանց՝ միաժամանակ ուղիղ հեռարձակմամբ, քանի որ հանդիսատեսի թույլատրելի քանակը կլինի սակավաթիվ: «Արմմոնո»-ին մասնակցում են դերասաններ Նարեկ Բաղդասարյանը, Լիլյա Մուկուչյանը, Նաիրա Եդիգարյանը, Դավիթ Աբրահամյանը և այլք:

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալվի նաև Վանաձորում: Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի բացօթյա տարածքում նախատեսված է երկու մոնոներկայացման ցուցադրություն՝ ՀՀ ժող. արտիստ Հակոբ Ազիզյանի, ՀՀ վաստ. արտիստ Մայիս Սարգսյանի մասնակցությամբ:
Փառատոնի շրջանակում ցուցադրվելու են նաև դեբյուտային ներկայացումներ:
«Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնը կանցկացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

կիսվել նյութով -