կարևոր
2043 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-31 22:27

Ոստիկանությունը բացահայտել է Էրեբունու համայնքապետարանի աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպքը

Ոստիկանությունը բացահայտել է Էրեբունու համայնքապետարանի աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպքը

ՀՀ ոստիկանության ծառայողները բացահայտել են Էրեբունու համայնքապետարանի աշխատակիցների կողմից 50 հազար դրամ կաշառք ստանալու դեպքը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում հուլիսի 30-ին գլխավոր վարչություն հրավիրված Էրեբունի վարչական շրջանի մի բնակիչ հաղորդում տվեց, որ բակերը առանձնացնելու նպատակով քարե պարսպի կառուցապատումը չդադարեցնելու և սահմանված կարգով 200 հազար դրամ վարչական տույժի չենթարկելու համար Էրեբունու համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք, որպես կաշառք, իրենից պահանջել են 50 հազար դրամ։ Հուլիսի 31-ին ՔՈԳՎ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Էրեբունու համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները գումարը ստանալուց հետո բռնվել ու բերման են ենթարկվել։ Փողը հայտնաբերվել է մեքենայի սրահում։ Դեպքի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: