կարևոր
689 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-30 12:24

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի գիտնականները կստորագրեն COVID-19-ի շուրջ հետազոտությունների համաձայնագիր

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի գիտնականները կստորագրեն COVID-19-ի շուրջ հետազոտությունների համաձայնագիր

 Ռուսաստանի գիտությունների ակադեմիան եւ ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիան հուլիսի 30-ին կստորագրեն COVID-19-ի հետ կապված հետազոտությունների համաձայնագիր: Այդ մասին հաղորդել է ՌԳԱ-ի մամուլի ծառայությունը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պլանավորվում է զարգացնել ակադեմիաների միջեւ համագործակցության եւ երկխոսության նոր ձեւերն այն բոլոր բնագավառներում, որոնք վերաբերում են կորոնավիրուսին, դրա բնույթին, բուժման մեթոդներին եւ կանխարգելմանը»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդվում է, կողմերը պլանավորում են զարգացնել գիտնականների համագործակցությունը համաճարակաբանության, վիրուսաբանության, COVID-19-ի մոլեկուլային-կենսաբանական հետազոտությունների, նոր վարակի պաթոֆիզիոլոգիայի ուսումնասիրման ոլորտում, համավարակի տարածման մաթեմատիկական եւ համակարգչային մոդելավորման, կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական եւ հոգեբանական հետեւանքների, գլոբալ անվտանգության եւ կենսաբանական սպառնալիքներին հակազդելու գործում:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կողմից արձանագրությունը կստորագրի ՌԳԱ-ի նախագահ Ալեքսանդր Սերգեեւը, ամերիկյանից՝ ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավար Մարշա ՄաքՆաթը, ինչպես նաեւ Բժշկության ազգային ակադեմիայի եւ Տեխնիկայի ազգային ակադեմիայի ղեկավարներ Վիկտոր Դզաուին եւ Ջոն Անդերսոնը: Ստորագրումը տեղի կունենա տեսախորհրդաժողովի ձեւաչափով: