ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ հակահամաճարակային սահմանափակումների թուլացման հարցին։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հակահամաճարակային սահմանափակումների թուլացումը կառավարության ամենօրյա օրակարգային հարցերից է, և կառավարությունն ամենաշահագրգիռն է սահմանափակումների թուլացման հարցում։
«Բոլոր այն դեպքերում, որ տեսնում ենք, որ կա այդպիսի օբյեկտիվ հնարավորություն, օգտագործում ենք, կայացվում են և կկայացվեն որոշումներ։
Իսկ այն մասերով, որոնցով այդ որոշումը չի կայացվում, նշանակում է` տեսնում ենք, որ Հայաստանը դեռևս պատրաստ չի այդպիսի հակահամաճարակային կանոնների թուլացումների»,- ասաց Փաշինյանը։
Հայաստանում հուլիսի 29-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37937 դեպք, որոնցից 27824-ն` առողջացած:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9165 պացիենտ: Վերջին 24 ժամում կատարվել է 1853 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ՝ 160380 թեստավորում:
Այսպիսով` մեկ օրում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 308 նոր դեպք կա։
Երկրում արտակարգ դրության ռեժիմ է, և մտցված են սահմանափակումներ գործունեության որոշ տեսակների համար։