ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստի հետո ճեպազրույցի ընթացքում հայտնեց Հայաստանում կորոնավիրուսի հաղթահարման փուլի մեկնարկի մասին։ ՀՀ վարչապետը այն կապեց Կառավարության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումների հետ։
«Այդ հակահամաճարակային միջոցառումների անկյունաքարը դիմակների պարտադիր կրումն է փակ և բաց տարածքներում»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ ճեպազրույցի նպատակը ոչ այնքան համաճարակային իրավիճակի բարելավման մասին հայտնելն է, այլ ահազանգելն է, որ թվերի նվազման և համաճարակային իրավիճակի բարելավման ֆոնին քաղաքացիները չթուլացնեն զգոնությունը, որովհետև հնարավոր է շատ արագ վերադառնալ նախկին իրավիճակին և թվերի շատ լրջագույն ավելացում ունենալ։
«Ուզում եմ հիշեցնել, որ նման նախազգուշական ահազանգերով հանդես էինք գալիս հունիս-հուլիսին արձանագրված պիկի ժամանակ և, հույս ունենք, որ այս անգամ մեր ահազանգին հանրության վերաբերմունքը կլինի մի փոքր այլ։ Այսինքն՝ անկախ բոլոր հանգամանքներից, անկախ լավատեսական լուրերից, հակահամաճարակային կանոնները պետք է պահպանվեն, մանավանդ, որ տեսել ենք երկրներ, որոնք որոշակի բարելավումից հետո զգոնության թուլացում են արձանագրել և այնտեղ իրավիճակը շատ արագ վերադարձել է նախկին մակարդակին կամ ավելի է վատթարացել»,- եզրափակեց Փաշինյանը։