կարևոր
1202 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-29 18:29

Հայաստանում էականորեն բարելավվել է կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում էականորեն բարելավվել է կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը էականորեն բարելավվել է։ Հուլիսի 29-ին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջին չորս-հինգ օրերի տվյալներով` կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով մենք վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին, ծանր հիվանդների թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին և ծայրահեղ ծանր հիվանդների թվով հունիսի սկզբի մակարդակին։ Իհարկե, այս համեմատությունը հարաբերական է, որովհետև, ցավոք, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների վիճակագրությունը նվազել է ոչ միայն բուժումների, այլ նաև մահվան դեպքերի պատճառով։ Այսօրվա դրությամբ` Հայաստանում 723 մահ է գրանցվել կորոնավիրուսից»,- ասաց Փաշինյանը։

Հայաստանում հուլիսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37937 դեպք, որոնցից 27824-ն` առողջացած:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9165 պացիենտ: Վերջին 24 ժամում կատարվել է 1853 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ՝ 160380 թեստավորում:

Այսպիսով` մեկ օրում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 308 նոր դեպք կա։