18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Սևանա լճում, կախված եղանակային պայմաններից, այս տարի ծաղկման պրոցեսը մի քիչ ավելի ուշ է սկսել և շուտ էլ վերջանալու է: Այս մասին ասուլիսում ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը:
«2018-ից Սևանա լճում դիտվող ծաղկման պրոցեսները, որոնք մինչև օրս սկսվում էին հունիսից, այս տարի սկսվել են հուլիսի 15-ից: Ծաղկման պրոցեսը սկսելու ժամանակ Սևանա լճում իրավիճակը նույնպիսին է, ինչ անցյալ տարի նույն ժանանակ: Կախված եղանակային պայմաններից՝ այս տարի ծաղկման պրոցեսը մի քիչ ավելի ուշ սկսվեց և շուտ էլ վերջանալու է»,-ասել է նա:
Շահնազարյանի խոսքով՝ Սևանա լճում առկա է վատ էկոլոգիական վիճակ, հատակամերձ շերտում թթվածինը ցածր է, սնուցող նյութերի քանակը բավարար է, որպեսզի շարունակական լինեն ծաղկման պրոցեսները: Թափանցիկությունը մինչև 4 մետր է: Սևանա լճում կա կենսածին նյութերի բավարար քանակություն: «Սա նշանակում է, որ այս պահին լճի վիճակը շատ վատ չէ, բայց լավ էլ չէ»,-նշել է նա:
Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի ժ/պ Ոսկեհատ Գրիգորանն էլ նշեց, որ կառավարությունը հանձնարարել է հնարավորինս հրատապ կերպով մաքրել ջրածածկ անտառները: «Բացի այդ ունենք շենք-շինությունների ապամոնտաժման և մաքրման աշխատանքների իրականացում: Սևանա լճի տարեկան ծրագրում ներառված են կետեր՝ էկոհամակարգի վերականգնման նպատակով: Դրանցից կարևորագույնը Սևանա լճի ավազանից դեպի լիճ հոսող կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանի բաղադրիչի նախագծանախահաշվային աշխատանքների կազմման միջոցառումն է»,-ասել է նա:
Ինչպես նաև ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում կա մշակված համապարփակ փաստաթուղթ՝ Սևանա լճի հիմախնդիրների կարգավորման համար: Քննարկման փուլում գտնվող կարևորագույն միջոցառումը Սևանա լճի ավազանից դեպի լիճ հոսող կեղտաջրերի կանխարգելումն է: «Այս համագործակցության շրջանակում ունենք 5 մլն եվրո աջակցություն՝ նշված աշխատանքներն իրականացնելու: Դեռևս տարվում են բանակցություններ՝ հասկանալու, թե որ միջոցառման համար ինչ չափով բաշխում կարվի»,-նշել է Գրիգորյանը:
Սևանա լիճն այս տարի ևս կանաչում է: Լճում կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի և ջրի որակի անկման հիմնական պատճառներն են լճի մակարդակի իջեցումը, կենցաղային կեղտաջրերի և ջրածածկ անտառներից օրգանական նյութերի ներհոսքը, ձկան կենսազանգվածի կրճատումը, ջերմաստիճանի բարձրացումը: