կարևոր
1559 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-29 15:54

Բուհեր չընդունված դիմորդները երկու հայց են ներկայացրել Վարչական դատարան

Բուհեր չընդունված դիմորդները երկու հայց են ներկայացրել Վարչական դատարան

2020 թվականի ընդունելության միասնական քննություններում բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված մի խումբ դիմորդներ երկու հայցադիմում են մուտքագրել Վարչական դատարան՝ բուհեր ընդունելության վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկելու նպատակով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

«Առաջին հայցադիմումով պահանջում ենք կառավարության որոշումը, որը կիրառվել է դիմորդների նկատմամբ, ճանաչել անվավեր։ Ընդ որում, առաջին հայցը չի լուծում դիմորդների խնդիրը և դրանով պետությանը՝ ՀՀ կառավարությանը ցանկանում ենք ցույց տալ, որ այս պայքարն արդար է եղել և իրապես նրանց նկատմամբ կիրառվել է ոչ իրավաչափ որոշում։ Երկրորդ հայցով պահանջում ենք արդեն անհատական մակարդակում դիմորդների նկատմամբ կարգի կիրառումը ճանաչել անվավեր և ռեաբիլիտացնել նրանց»,- ասաց Կոչուբաևը` հավելելով, որ խախտված իրավուքները տարբեր են, ուստի յուրաքանչյուր դիմորդի համար առանձին պահանջ է դրվել։

Նրա  խոսքով՝ հայցերից մեկով միջնորդել են դատարանին կիրառել հայցի ապահովման միջոց և ժամանակավորապես հայցն ապահովել, ինչը հնարավորություն կտա մինչև սեպտեմբերի 1-ը դիմորդներին ուսանողի կարգավիճակ տալ՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։