կարևոր
1804 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-29 13:31

Բուհ չընդունված դիմորդները հանդիպեցին ԱԺ պատգամավորների հետ. խորհրդարանականները կդիմեն ԿԳՄՍ

Բուհ չընդունված դիմորդները հանդիպեցին ԱԺ պատգամավորների հետ. խորհրդարանականները կդիմեն ԿԳՄՍ

Բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն Ազգային ժողովում հանդիպեցին խորհրդարանի երեք խմբակցությունների պատգամավորների հետ:

Հանդիպման ընթացքում դիմորդներն ու նրանց ծնողները խորհրդարանականներին ներկայացրին իրենց խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները նշեցին, որ հիմնական խնդիրն այն է եղել, որ դիմում-հայտը լրացնելիս նրանք տեղյակ չեն եղել ընթացակարգում տեղի ունեցած փոփոխություններին:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանը ծնողներին ու դիմորդներին հայտնեց, որ ԱԺ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն իրենց ստորագրություններով գրություն կուղարկեն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Ստեփանյանը նաև հավելեց, որ պետք չէ ողբերգության վերածել այն, որ երեխան առաջին տարում չի ընդունվել բուհ:

«Եթե երեխան առաջին տարում չի ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն, պետք չէ սա սարքել անձնական ողբերգություն: Իմ հայրը 6-րդ փորձից է ընդունվել համալսարան, ես էլ դժվարությամբ եմ ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն: Որևէ մեկը չի կանխատեսել, որ հնարավոր է երկրում լինի արտակարգ դրություն»,- ասաց Լիլիթ Ստեփանյանը:

Դիմորդներն ու նրանց ծնողները նշեցին նաև, որ փոփոխված ընթացակարգի մասին իրենք պատշաճ չեն ծանուցվել: